Ռուս խաղաղապահները ԼՂ են տեղափոխվել Վրաստանի օդային տարածքով

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հաստատել է, որ Վրաստանը Ռուսաստանի համար բացել է օդային տարածքը՝ Վրաստանի տարածքով ռուս խաղաղապահներին ԼՂ տեղափոխելու նպատակով: Աբաշիձեն «Նեթգազեթի» լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ որոշումը կայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի խնդրանքով:

«Վրացական կողմն արդեն արձագանքել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությանը կրակի դադարեցման հետ կապված, որ կնպաստի կոնֆլիկտի լուծման լիամասշտաբ գործընթացին: Ինչ վերաբերում է Վրաստանի դերին ու մեր մասնակցությանը խաղաղարար հարցերում, որոշումը կկայացվի խաղաղարար կոնֆիգուրացիայի համաձայն և ելնելով ազգային շահերից»,- ասել է Աբաշիձեն:

Աբաշիձեի խոսքով՝ 2008 թվականից ի վեր, ռուս-վրացական պատերազմից հետո սա առաջին դեպքն է, երբ Վրաստանի օդային տարածքը բացվել է ռուսական ռազմական ինքնաթիռների համար: Նրա տեղեկությամբ՝ չվերթները «որոշակի ժամանակահատվածով» կշարունակվեն: