Ռուսական օկուպացիոն ուժերը շարունակում են «սահմանագծման» գործընթացը

Գորիի մունիցիպալիտետի Քուշի գյուղի բնակիչները սեպտեմբերի 19-ին գյուղի մերձակայքում նկատել են ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչներին` պարիսպներ տեղադրելիս։

Օրվա վերջին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հաստատել է ապօրինի «սահմանագծման» հերթական փաստը։

ՊԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ կարդում ենք.

«Օկուպացված Զեմո Արծևի գյուղի կողքին նկատվել է ռուսական օկուպացիոն ուժերի ձեռնարկած ապօրինի սահմանազատման ևս մեկ փաստ։ Սա ապօրինի «սահմանագծման» գործընթացի շարունակությունն է, որը սկսվել է 2021 թվականին։ Գործարկվել է թեժ գիծ, ​​և Եվրամիության դիտորդական առաքելությունը տեղեկացվել է անօրինական սահմանագծման այս փաստի մասին։

Տեղեկությունը փոխանցվել է միջազգային կազմակերպության համանախագահներին…»։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ անօրինական սահմանագծումների, նաև կալանավորումների կործանարար պրակտիկան բարդացնում է տեղի բնակիչների առօրյան և լրջորեն վնասում է անվտանգության միջավայրը, որի ողջ պատասխանատվությունը կրում է օկուպանտ իշխանությունը։

Ի դեպ, սեպտեմբերի 23-ին Էրգնեթիում տեղի կունենա միջադեպերի կանխման և արձագանքման մեխանիզմի հաջորդ հանդիպումը, որտեղ կքննարկվեն վերջին ամիսներին հակամարտության գոտում արձանագրված միջադեպերը։

Բացի ապօրինի «սահմանագծման» դեմ բողոքից, վրացական կողմը պահանջում է նաև ազատ արձակել Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի բանտում ներկայումս իրենց պատիժը կրող Վրաստանի 4 քաղաքացիների։