Ռուսաստանը սահման չի ճանաչում. Զուրաբիշվիլիի ելույթը Բեռլինում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մյունխենից մեկնել է Բեռլին, որտեղ մասնակցել է «Կինոն հանուն խաղաղության» միջոցառմանը։ Զուրաբիշվիլին իր ելույթում հիմնականում խոսել է Ռուսաստանի կողմից հարևանների դեմ շարունակական հարձակման մասին։

Զուրաբիշվիլին ասել է՝ խաղաղությունը, ժողովրդավարությունը և ազատությունն իսկապես վտանգված են և մարտահրավերների են ենթարկվում: Նախագահը խոսել է Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ երեքանգամյա «հարձակումների» մասին: Նախագահը հիշել է Վրաստանի Առաջին Հանրապետության գրավման պատմությունը:

«Երկիրը, որ նրանք (ռուսները- հեղ.) ներխուժեցին, ինքնիշխան և ժողովրդավարական մոդել էր՝ իր ժամանակից առաջ անցած սահմանադրությամբ, և որտեղ, օրինակ, պատշաճ կերպով ճանաչված էին ընտրելու և ընտրություններում կանանց  ընտրության իրավունքները:

Հետո ժողովրդավարությունն ու ազատությունը ճնշվեցին, եկավ տեռորի ու ռեպրեսիաների ժամանակը։ Օկուպացիան տևեց 70 տարի, երկար 70 տարի՝ ոչնչացնելով մտավոր և մշակութային վերնախավին, փորձելով ճնշել ազատության և անկախության ձգտումը, բայց` ապարդյուն։

Ռուսական կողմից երկրորդ ագրեսիան իրականացվեց Խորհրդային Ռուսաստանի ավարտից և Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո։ Դրան հաջորդեց իմ երկրի որոշ մասերի փաստացի օկուպացումը, որը սխալ մեկնաբանվեց՝ որպես սառեցված հակամարտություն: Դա տևեց 17 տարի։ Երրորդ ներխուժումը 2008 թվականին Ռուսաստանի համար ճանապարհ բացեց՝ ամրապնդելու իր օկուպացիան և ռուսաֆիկացումը գրավյալ տարածքների»,- ասել է նախագահը:

Ըստ նրա՝ Ռուսաստանը սահման չի ճանաչում, և դա տեսանելի է հարևանների վրա հարձակումներով. «Նմանատիպ պատմություն կարելի է պատմել Ուկրաինայի, Մոլդովայի և Ռուսաստանի գրեթե բոլոր հարևանների մասին, ներառյալ այժմ անհետացած կովկասյան փոքր պետություններն ու լեզուները, որոնք իրենց մարմնով ու արյունով զգացել են, թե ինչ է նշանակում լինել մի երկրի հարևան, որը չգիտի իր սահմանները, որը չի ճանաչում և չի հարգում ուրիշների ինքնիշխանությունը, անկախությունն ու ազատությունը, չի ճանաչում բարձրագույն արժեքները՝ մարդկային կյանքն ու արժանապատվությունը»:

Միջոցառմանը ներկա են եղել համաշխարհային քաղաքականության և մշակույթի հայտնի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։