«Ռուսաստանը թշնամի է, ոչ թե հյուր». Թբիլիսիում ցույց է նախատեսվում

«Ջիուտի» երիտասարդական շարժումը ժամը 19:00-ին Վրաստանի խորհրդարանի մոտ «Ռուսաստանը թշնամի է, ոչ թե հյուր» խորագրով բողոքի ակցիա կանցկացնի:

Շարժումն իր համերաշխությունն է հայտնում Բաթումիի ցույցի ժամանակ ձերբակալվածներին և ասում, որ հավաքվելու են Ռուսթավելիի պողոտայում՝ պաշտպանելու հայրենիքի ու իրենց պատիվը։

«Այսօր առավոտյան ժամը 7-ին ռուսական նավը կրկին մտել է Բաթումի։

Վրացական ոստիկանությունը, ռուսական կառավարության (նկատի ունի Վրաստանի կառավարությանը- խմբ.) հանձնարարությամբ, ամեն ինչ արել է օկուպանտների հարմարավետության համար:

Ռուսական կառավարության հանձնարարականով Բաթումիում խաղաղ ցույցի շուրջ 10 մասնակից է ձերբակալվել»,- նշված է «Ջիուտի»-ի տարածած հաղորդագրոթյունում:

Ի դեպ, Բաթումիում Ռուսաստանի Սոչի քաղաքից Բաթումիի նավարկած ASTORIA GRANDE զբոսանավի դեմ ակցիան այժմ էլ շարունակվում է: Ռուս զբոսաշրջիկներից ոմանք արդեն լքել են զբոսանավը և այժմ, հավանաբար, պատրաստվում են շրջագայության։ Ոստիկանները նրանց երթուղային տաքսիներով բողոքի ակցիայի վայրից դուրս են բերել։ Բաթումիում ակցիան շարունակվել է ողջ գիշեր։ Ոստիկանությունը ցույցի ժամանակ ձերբակալել է 9 հոգու։

Քաղաքացիները բողոքում են ռուս զբոսաշրջիկների երկիր մուտք գործելուց: Ակցիայի մասնակիցներն ասում են, որ ռուս զբոսաշրջիկների մեծ մասը խախտել է Վրաստանի «Օկուպացիայի մասին օրենքը»։ Բացի այդ, հայտնի է, որ նավի վրա են նաև պատերազմին աջակցող արտիստներ, պուտինամետներ:

Քաղաքացիների խոսքով, բողոքի ակցիան չեն ընդհատի այնքան ժամանակ, քանի դեռ նավը չի հեռացել Բաթումիի նավահանգստից։