Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային հոսք չկա․ Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստան Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային ներհոսքի մասին լուրերը կառավարության դեմ ապատեղեկատվական արշավի մի մասն են։

Ըստ խորհրդարանի նախագահի՝ Վրաստանի հետ ցամաքային սահմանը Ռուսաստանի կողմից վաղուց փակ է։

«Գիտեք, որ Լարսի անցակետը հատում են միայն բեռնատարները, ազատ երթևեկություն չկա։ Ռուսաստանից որևէ զանգվածային ներհոսք չկա։ Հիշյալ լուրերը ապատեղեկատվական արշավի մի մասն են՝ հասարակության մեջ խուճապ տարածելու, խաղաղությունը և հանգստությունը խաթարելու համար», — ասել է Պապուաշվիլին։

Հատկանշական է, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսված լայնածավալ պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո Telegram սոցիալական հարթակում հայտնվել են ալիքներ, որտեղ ՌԴ քաղաքացիները քննարկում և խորհուրդ են տալիս միմյանց Վրաստան ժամանելու և ապրելու վերաբերյալ։