Ռուսթավիում բացվել է ՀՀ պատվո հյուպատոսություն

Դեկտեմբերի 19-ին Վրաստանի Ռուսթավի քաղաքում կայացել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը:

Վրաստանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանի ԱԳ նախարարության Հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Գիորգի Տաբատաձեն, նորանշանակ պատվո հյուպատոս Գիորգի Մաիսուրաձեն։

«Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց Վրաստանում Հայաստանի առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացումը՝ ընդգծելով դրա գործունեության նշանակությունը հատկապես Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդման և միջհասարակական շփումների առավել ակտիվացման տեսանկյունից:

Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի ԱԳ նախարարության, Ռուսթավիի քաղաքապետարանի և վիրահայ համայնքի ներկայացուցիչներ»,- հայտնում են դեսպանությունից: