Սա արդեն անձնական է. Washington Post-ը՝ վրաստանյան զարգացումների մասին

«Սա արդեն անձնական է», — «Washington Post»-ը Վրաստանում ընթացող իրադարձությունների մասին նման վերնագրով հոդված է հրապարակել:

Հեղինակավոր լրատվականը նշում է, որ Թբիլիսիում արդեն երկու շաբաթ անցկացվող հակառուսական ցույցերի արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին լրագրողի հնչեցրած կոշտ հայտարարությունները դատապարտվել են և՛ Կրեմլում, և՛ Վրաստանում:

«Washington Post»-ը գրում է, որ հակառուսական ակցիաների ու վերջին հայտարարությունների ֆոնին Կրեմլը խիստ որոշումներ է ընդունել՝ արգելելով ուղիղ ավիափոխադրումները դեպի Վրաստան, ինչպես նաև վրացական հանքային ջրերի ու գինու ներմուծումը երկիր։ Վրաստանում սկսվել է #SpendSummerInGeorgi արշավը, որին միացել է նաև Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը։

Հիշեցնելով 2008 թվականի պատերազմը՝ հոդվածագիրը գրում է, որ Ռուսաստանը ռազմաբազաներ ունի Վրաստանից անջատված Հարավային Օսիայում և Աբխազիայում:

«Հարցումները ցույց են տալիս, որ վրաց ժողովրդի մեծամասնությունը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ինչը անհանգստացնում է Ռուսաստանին», — գրում է ամերիկյան պարբերականը: