Սաակաշվիլիի հիմնած կուսակցությունը փլուզվո՞ւմ է. կարծիքներ

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունում զարգացող իրադարձություններից կարելի է եզրակացնել, որ կուսակցությունը լքածները, հավանաբար, պատրաստվում են ՄԱՇ նախկին նախագահ Նիկա Մելիայի հետ նոր կուսակցություն հիմնել, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասացին վրացի քաղաքագետները:

Ըստ քաղաքագետների՝ ՄԱՇ-ը լքողներն, այսպիսով, փորձում են հավատարիմ մնալ կուսակցության որդեգրած հիմնական նպատակներին և խորհրդարանում չդառնալ «ձևական ընդդիմություն:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլիի խոսքով, ՄԱՇ-ը լքողներին, հավանաբար, դուր չի գալիս կուսակցության ներկայիս կառավարումը. այն ստվերային, ոչ ֆորմալ կառավարումը, որ իրականացնում են Դավիթ Կեզերաշվիլին (պաշտպանության նախկին նախարար և «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիր, ՄԱՇ նախկին անդամ- խմբ.) և Վանո Մերաբիշվիլին (ՄԱՇ-ի հիմնադիրներից, Վրաստանի նախկին վարչապետ — խմբ.):

Կոնֆլիկտաբանի խոսքով, ՄԱՇ-ը լքածները ցանկանում են լինել ավելի լեգիտիմ կուսակցություն և խոսել քաղաքական թեմաներով, ոչ թե՝ ներկուսակցական ընդհարումների մասին:

«Ես կարծում եմ՝ Կեզերաշվիլին և Մերաբիշվիլին ցանկանում են իրենց մարդկանց կուսակցություն ընդունել, հետևաբար՝ պարզ է, որ այդ մարդիկ չեն լինի ՄԱՇ-ի իրական դեմքերը. կստացվի, որ ՄԱՇ-ը՝ որպես ընդդիմություն, ֆորմալ կերպով կլինի խորհրդարանում և ոչինչ չի անի»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց Զաքարեիշվիլին և հավելեց՝ այդ դեպքում ավելի պայքարող և կարողունակ ՄԱՇ անդամները խորհրդարանից դուրս կմնային. դա է պատճառը, որ ՄԱՇ-ը լքածները ցանկանում են նոր կուսակցություն հիմնել՝ կենսունակ և պայքարող մարդկանցով:

ՄԱՇ-ում ընթացող իրադարձությունների մասին ուշագրավ հայտարարություն արեց նաև ՄԱՇ-ի հիմնադիր, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնող Միխեիլ Սաակաշվիլին: Նա հայտարարեց՝ իրեն չեն հետաքրքրում ՄԱՇ-ի ներքին ինտրիգները։

Անդրադառնալով Սաակաշվիլիի հայտարարությանը, Զաքարեիշվիլին երրորդ նախագահի հայտարարությունը «սխալ և վատ» որակեց: Ըստ կոնֆլիկտաբանի՝ Սաակաշվիլին, իհարկե, ներգրավված է ներքին գործընթացների մեջ, սակայն դրա մասին բացեիբաց չի հայտարարում. «Ներգրավվածության մասին բացեիբաց չի խոսում, որպեսզի երկու կողմերում կոնֆլիկտը չխորացնի. նա ընտրել է ամենավատ տարբերակը՝ չեզոքությունը, սպասում է՝ տեսնի, թե որ կողմը կհաղթի, որ նրա կողքին կանգնի»:

Փորձագետ Գիա Խուխաշվիլիի խոսքով` երբ ներկուսակցական քննարկման հիմնական փաստարկը ոչ թե քաղաքական ռազմավարության և մարտավարության խնդիրներն են, այլ առաջնորդի հավատարմությունն է, կուսակցությունը սկսում է փլուզվել:

«Դեռ վաղ է գնահատել ՄԱՇ-ում տեղի ունեցողը, բայց մի բան հստակ է՝ կուսակցությունում հակասությունները սկսվել են մեկ տարի առաջ, և նման իրավիճակն սպասելի էր»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար Գիորգի Մելաշվիլին:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, ՄԱՇ-ը փլուզվում է, և, իրենց դիտարկմամբ՝ դա պատահական չէ. «Կարծում եմ՝ սա այն խնդիրն է, որ կատարում է Կեզերաշվիլին. պլանը ՄԱՇ-ը տապալելն է՝ այլ քաղաքական ուժի առաջ տանելու համար»:

Ի դեպ, ՄԱՇ-ը լքել են Բաթումիի սակրեբուլոյի 7, Զուգդիդիի սակրեբուլոյի 14, Խոբիի սակրեբուլոյի 10, Ճիաթուրայի սակրեբուլոյի բոլոր հինգ անդամները: ՄԱՇ-ը լքած պատգամավորները չեն հրաժարվում մանդատներից և հայտարարում են, որ կշարունակեն աշխատել սակրեբուլոյում նոր խմբակցության անվան տակ։

ՄԱՇ-ում հակասությունները սկսվել են մոտ մեկ տարի առաջ, երբ ՄԱՇ-ի ներկայիս նախագահ Լևան Խաբեիշվիլին և նրա համախոհները հրապարակավ հայտարարեցին, որ անհրաժեշտ է կուսակցության նախագահի ընտրություններ անցկացնել։ Այն ժամանակ նախագահի պաշտոնակատար Նիկա Մելիան համաձայնեց այս առաջարկին և ընտրություններում պարտվեց։

Մելիան բացեիբաց խոսեց ՄԱՇ-ում ոչ ֆորմալ կառավարման մասին, սակայն, չնայած դրան, կուսակցությունը լքելու որոշում չի կայացրել:

«Ես հրապարակավ ասում եմ, որ այս անձը չի ներկայացնում ՄԱՇ-ը, նա ՄԱՇ անդամ չէ և չի կարող խոսել ՄԱՇ-ի անունից»,- նոյեմբերի 26-ին Մելիայի մասին ասել է Խաբեիշվիլին: