Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը խաթարում է Թբիլիսի-Կիև հարաբերությունները

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիի խոսքով, ուկրաինական կողմին բացատրվել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ խնդրանքն ու մտահոգությունը չեն համապատասխանում իրականությանը:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այդ իրավիճակը խոչընդոտում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը, հետևաբար` նաև որոշակի խնդիրներ է ստեղծում:

Դեսպանն ասել է, որ հուլիսի 4-ի առավոտյան հանդիպում է ունեցել Ուկրաինայի փոխարտգործնախարարի հետ, որը խնդրել է 48 ժամվա ընթացքում լքել Ուկրաինան՝ Սաակաշվիլիի հարցով խորհրդակցություններ անցկացնելու համար, ինչին վրացական կողմը համաձայնել է:

Զաքարաշվիլին նաև ասել է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Վրաստանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական և քաղաքական աջակցությանը։ Նրա խոսքով, Վրաստանը կշարունակի օգնել Ուկրաինային։

Ի դեպ, հուլիսի 4-ին Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին Զելենսկու հրամանով կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։

Հուլիսի 3-ին Զելենսկին հանձնարարել էր արտաքին գործերի նախարարություն կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին՝ ներկայացնելու Կիևի խիստ դժգոհությունը։ Նախագահը նաև պահանջել էր, որ դեսպանը 48 ժամվա ընթացքում մեկնի Թբիլիսի խորհրդակցությունների, միաժամանակ բանակցություններ սկսի Սաակաշվիլիի՝ Ուկրաինա վերադարձի համար։

Հայտարարություններին նախորդել էր հուլիսի 3-ի Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստում «Նոյեմբերի 7»-ի գործով Սաակաշվիլիի դատավարությունը, որի ժամանակ երրորդ նախագահը ցուցադրել էր հյուծված մարմինը՝ դրանում մեղադրելով Վրաստանի իշխանություններին։

Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով, Ուկրաինայի կառավարության դիրքորոշումը Սաակաշվիլիի նկատմամբ` «վիրավորական է»։

Վրաց-ուկրաինական հարաբերությունների վատթարացման պատասխանատուն Վրաստանի իշխանությունն է. կարծիքներ