Սաակաշվիլին արժանացել է Լեխ Կաչինսկու անվան «Պրոմեթևս» մրցանակին

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին արժանացել է Լեխ Կաչինսկու անվան «Պրոմեթևս» մրցանակին։ Պարգևատրման արարողությունը կայացել է երեկ՝ Լեհաստանում, որին ներկա են եղել Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ:

«Ժյուրիի անունից ցանկանում եմ այսօր շնորհակալություն հայտնել նախագահ Սաակաշվիլիին բարեկամության և իդեալներին նվիրվածության համար։ Խոստանում եմ, որ կանենք ամեն ինչ, որպեսզի նա Լեհաստանում կամ մեկ այլ երկրում բժշկական օգնություն ստանա։ Մենք կշարունակենք ճնշում գործադրել Վրաստանի կառավարության վրա, որպեսզի դա տեղի ունենա»,- մրցանակաբաշխության ժամանակ ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգան։

Սաակաշվիլիից բացի, Լեհաստանում «Պրոմեթևս» մրցանակին են արժանացել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը և Լեհաստանի փոխվարչապետ Իացեկ Սասինը։

2010 թվականին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին կնոջ հետ ավիավթարից մահացավ։ Նա այն եվրոպացի առաջնորդներից էր, որ Թբիլիսի էր այցելել 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ Վրաստանին աջակցելու նպատակով։