Սաակաշվիլին դիմել է Հյուսիսային Կովկասի ժողովուրդներին

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ֆեսյբուքյան իր էջում գրառում է արել և դիմել Հյուսիսային Կովկասի ժողովուրդներին։

Սաակաշվիլին գրել է՝ եկել է բոլորին ակտիվացնելու ժամանակը, քանի որ վերջին իրադարձությունները ցույց են տվել Մոսկվայի ռեժիմի ծայրահեղ թուլությունը։

«Կոչով դիմում եմ Հյուսիսային Կովկասի ժողովուրդներին, բոլոր ազատատենչ ազգերին և ռուսական կայսրության քաղաքացիներին, որը դարեր շարունակ ստրկացրել է Կովկասը, որն ազգեր է ոչնչացրել և շարունակում է ցեղասպանությունն ու կովկասցիների ռուսացումը, և հիմա իր գոյության վերջին ամիսներն է հաշվում…

Երբ ես Վրաստանի նախագահն էի, Վրաստանի խորհրդարանը ճանաչեց չերքեզների ցեղասպանությունը, քանի որ մենք մեր պարտքն էինք համարում վերականգնել պատմական արդարությունը տառապանքից ավերված միլիոնավոր չերքեզների համար, ինչպես նաև հիմնեցինք այդ ցեղասպանության զոհերի հուշահամալիրը»,- գրել է երրորդ նախագահը: