Սաակաշվիլին կարող էր դառնալ 21-րդ դարի Վրաստանի կարևորագույն գործիչը. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին հիշատակել է Միխեիլ Սաակաշվիլիին։

«Սաակաշվիլին սկսեց բարեփոխումների գործընթացը, որոնք շարունակվում են մինչ օրս, այս առումով նա կարևոր դեր է խաղացել: Նա կարող էր դառնալ 21-րդ դարի Վրաստանի կարևորագույն գործիչներից մեկը, սակայն իշխանությունում ինքն իրեն կորցրեց՝ դառնալով բռնապետ, ինչը բարեփոխումներն այլ լույսի ներքո ցույց տվեց», — հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի գործող նախագահը կրկին անդրադարձել է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմին՝ նշելով, որ Սաակաշվիլին չի կարողացել դիմակայել Ռուսաստանի սադրանքներին և արդյունքում «սառեցված» հակամարտությունը վերածվել է անմիջական տարածքների օկուպացիայի:

«Մենք գրեթե ամեն օր առնչվում ենք ռուսական սադրանքներին, սակայն մենք պետք է տոկունություն ցուցաբերենք և ռուսների ջրաղացին ջուր չլցնենք, քանի որ նման պայքարում հաղթել չենք կարող»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Սալոմե Զուրաբիշվիլին հարցազրույց է տվել գերմանական «Շպիգել» ամսագրին, որի թարգմանությունը տարածել է նախագահի աշխատակազմը: