Սամգորի մետրոյի մոտ կարգելվի փողոցային առևտուրը

Թբիլիսիի քաղաքապետարանն արգելում է փողոցային առևտուրը Սամգորի մետրոյի մոտ՝ Նավթլուղի շուկայի հարակից տարածքում։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Քաղաքապետը նշել է, որ քաղաքային իշխանության որոշմամբ մետրոյի բոլոր կայարանների շրջակայքում կարգելվի փողոցային առևտուրը։

«Մենք ցանկանում ենք բարելավել Սամգորի մետրոյի շրջակայքը, մասնավորապես՝ Նավթլուղի շուկայի շրջակայքը։ Ցանկանում եմ հանձնարարել մունիցիպալ տեսչության ղեկավար Կախա Գուլեդանին, ինչպես նաև Իսանիի շրջանի ղեկավար Նիկոլոզ Էլիսաշվիլիին սկսել շփումները առևտրականների, ինչպես նաև շուկայի ղեկավարության հետ, որպեսզի այդ մարդիկ տեղափոխվեն շուկայի տարածք»,- ​​ասել է Կալաձեն։

Կալաձեն միաժամանակ նշել է, որ իրավիճակն արդեն կարգավորվել է մետրոյի Վարկեթիլի կայարանի մերձակայքում, որտեղ, այլևս փողոցային առևտուր չկա։