Այաթոլլահի ռեժիմի դեմ բողոքած իրանցիներին արտաքսում է սպառնում

Վրաստանում բնակվող Իրանի քաղաքացիներն օգնություն են խնդրում. Թբիլիսիում Այաթոլլահի ռեժիմի դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին մասնակցած իրանցիներին արտաքսում (դեպորտացիա) է սպառնում Իրան։

«Պիրվելեբի»-ն (Tv Pirveli) պարզել է, որ Իրանի քաղաքացիների մի մասի անձնագրերի գործողության ժամկետներն սպառվում են, սակայն դեսպանատունը հրաժարվում է նոր փաստաթղթեր տրամադրել։

Վրաստանում բնակվող իրանցիներից մեկը «Պիրվելեբի»-ի հետ զրույցում նշել է, որ դեսպանատունն ունի բոլոր այն անձանց լուսանկարները, որոնք ներկա են եղել ցույցերին, և հրաժարվում է նրանց սպասարկել։

«Դեսպանատունը մեզ անձնագիր կամ որևէ այլ փաստաթուղթ չի տալիս, քանի որ ռեժիմի և դեսպանատան կարծիքով` արտերկրում գտնվող բոլոր ցուցարարները հանցագործ են և պետք է պատժվեն։ Երբ գնում ես դեսպանատուն, քեզ ասում են՝ սպասեք. նրանք ձեր դեմքը համեմատում են այն լուսանկարների ու տեսանյութերի հետ, որոնք արվել են դեսպանատան դիմաց, և եթե պարզեն, որ դուք եղել եք ակցիային, ձեզ չեն սպասարկի։ Մենք իրանցի ենք և հիմա նույնիսկ օտար երկրում անպաշտպան ու անտերության մատնված ենք»,- հայտարարել է նա։

Իրանի քաղաքացիներից մեկը, որին արտաքսում է սպառնում, Իման Աղսարին է. նրան ձերբակալել են 2026 թվականի մայիսին, և Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է նրան վտարել երկրից։ Նրա փաստաբանը նշել է, որ Այաթոլլահի ռեժիմի դեմ Իման Աղսարիի արտահայտած բողոքի պատճառով Իրան արտաքսվելու դեպքում իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում։