Սարալիձեին մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը Զազա Սարալիձեին մեղադրում է ոստիկանի վրա հարձակում գործելու մեջ։ Այսօր խորհրդարանի շենքի մոտ ձերբակալված Սարալիձեի նկատմամբ գործ է հարուցվել Վրաստանի Քեական օրենսգրքի 353-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է 4-ից 7 տարի ժամկետով ազատազրկում:

Հիշեցնենք՝ Սարալիձեի հետ դեպքի վայրից բերման են ենթարկվել նաև նրա երկու աջակիցները։ Վերջիններս մեղադրվում են վարչական իրավախախտման մասին օրենսգրքի 173-րդ հոդվածով, ինչը ենթադրում է ոստիկանների պահանջին չենթարկվել: Նրանք կտուգանվեն 250-2000 լարիի չափով կամ 15 օր վարչական կալանք կկրեն:

Սարալիձեի աջակիցներից Դավիթ Ինաշվիլիի տեղեկատվությամբ, Սարալիձեի և ոստիկանների միջև ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ իրենք փորձել են անձրևից պաշտպանվելու համար շենքի մոտ տեղադրված մահճակալները ծածկել։ Ոստիկանները խոչընդոտել են, արդյունքում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Հիշեցնենք՝ Զազա Սարալիձեն տևական ժամանակ բողոքի ակցիաներ է անցկացնում՝ պահանջելով դեռահաս որդու սպանության գործով արդար դատավճիռ կայացնել։

Այսօր ժամը 19։00-ին Ռուսթավելի պողոտայում Սարալիձեի կողմնակիցները բողոքի ակցիա կանցկացնեն։