Շանը ծեծելով սպանած քաղաքացուն ազատազրկում է սպառնում

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Մառնեուլիում շանը ծեծելով սպանած տղամարդուն։

Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի երրորդ մասով։ Սույն հոդվածի համաձայն՝ «կենդանու խոշտանգումը, նրա նկատմամբ դաժան վերաբերմունքը կամ ցանկացած այլ բռնություն, որի հետևանքով կենդանին սատկել է» պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։

«ՆԳՆ-ի կատարած հետաքննության արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 6-ին Մառնեուլիի մունիցիպալիտետի Կաչագան գյուղում մեղադրյալը փայտով դաժան ծեծի է ենթարկել շանը, ինչից էլ կենդանին սատկել է։

Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են հունվարի 9-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի երրորդ մասով (դաժան վերաբերմունք կենդանու նկատմամբ, որի հետևանքով կենդանին սատկել է)»,- նշված է գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում տարածվել էին Մառնեուլիից շան նկատմամբ բռնության կադրեր։ Marneulifm.ge լրատվականի տեղեկություններով, Մառնեուլիի մունիցիպալիտետի Կաչագան գյուղում բնակվող տղամարդը ձերբակալվել է կենդանիների խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մեղադրանքով։

Կարդացեք նաև՝

Դադարեցրեք բռնությունը կենդանիների նկատմամբ. ակցիա Թբիլիսիում