Սննդի առաքում. ամենապահանջվածն այսօր՝ Վրաստանում

Համեղ ուտել սիրող վրաստանցին մեկ օրում զրկվեց սիրելի ռեստորաններ այցելելու հնարավորությունից: 

Այս պահին երկրում ավելի ու ավելի մեծանում է սննդի առաքման ծառայությունների պահանջարկը: Այս ծառայությամբ զբաղվող ընկերությունները թերևս բացառություն են՝ հարկադիր գործազրկության ֆոնին:

Պատվիրել առցանց հնարավոր է ամեն ինչ՝ սկսած պատրաստի սննդից մինչև անհրաժեշտ դեղամիջոցներ ու նույնիսկ ծխախոտ: Եթե պատվիրելիս նշեք, որ ցանկանում ենք անկոնտակտ առաքում, ապա չեք տեսնի նույնիսկ առաքիչին: Պատվերը կթողնեն տան շեմին:

Վրաստանում սննդի առաքման ծառայությունը միջինում 3-5 լարի է (1-1,6 դոլար):

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել՝ արգելել ռեստորանների ու բար-սրճարանների գործունեությունը: Նրանց թույլատրվել է միայն պատվեր վերցնել ու առաքել: Ըստ նոր կարգի՝ առաքման համար նախատեսված ուտելիքի պատրաստման ընթացքում պետք է խստորեն պահպանվեն սառեցման ժամանակ ջերմաստիճանային ռեժիմը կամ սննդի ջերմային մշակման կարգը: Անձնակազմը պետք է օգտագործի միանգամյա օգտագործման դիմակներ, ձեռնոցներ ու գլխարկներ, հաճախ ձեռքերը լվանա հեղուկ օճառով ու չորացնի անձեռոցիկով, որից հետո հարկավոր է ախտահանել 70% սպիրտ պարունակող հեղուկով:

Սննդի կետերը հաճախ պետք է լվացվեն ու ախտահանվեն, հատկապես՝ սննդի հետ շփում ունեցող գույքն ու մակերեսները: Պարբերաբար ստուգվում է նաև աշխատանքի եկող անձնակազմի առողջական վիճակը՝ ջերմությունը, շնչառությունը և այլն: