Սփյուռքի երիտասարդ դեսպանը Վրաստանում. Էմիլ Սարգսյան

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ծնված 22-ամյա Էմիլ Սարգսյանը մասնակցել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին, որի շրջանակներում ընտրվել է Սփյուռքի երիտասարդ դեսպան Վրաստանում։

Էմիլ Սարգսյանը, մեծանալով վրաց հասարակությունում և կրթություն ստանալով ռուսական դպրոցում, չի կորցրել մայրենի լեզուն սովորելու ցանկությունը․ նա հայերեն խոսել, գրել և կարդալ սովորել է մի քանի տարի առաջ՝ հաճախելով «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն։ Էմիլն ավարտել է Իլիա Ճավճավաձեի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժինը, իսկ այժմ նա նույն համալսարանի հանրային կառավարումներ բաժնի մագիսրանտ է։

«Այս պահին աշխարհի 15 երկրում գործում է սփյուռքի 20 երիտասարդ դեսպան, և յուրաքանչյուրս մեր համայնքում պետք է իրականացնենք համապատասխան աշխատանքներ: Ինձ համար շատ կարևոր են կրթական ծրագրերը և այս պահի դրությամբ ուզում եմ ակտիվ գործունեություն ծավալել հենց այս ոլորտում։ Կրթությունն է մեր զենքը և կրթությունով ենք հասնելու հաջողության» -«Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Էմիլ Սարգսյանը։

Երիտասարդ դեսպանը, խոսելով նաև ապագա պլանների մասին, նշում է, որ հիմնականում ցանկանում է աշխատել երիտասարդների հետ, նա նախատեսում է կազմակերպել տեղեկատվական և համայնքային միջոցառումներ, ինչպես նաև հայրենադարձության վերաբերյալ իրազեկման արշավներ։

Էմիլ Սարգսյանը կլինի Սփյուռքի երիտասարդ դեսպանը Վրաստանում՝ մինչև 2022 թվականի մայիս ամիսը ներառյալ։

Ժաննա Չոգանդարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր