Վրաստանը տարանցիկ հանգույց է. Կոբախիձե

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը տարանցիկ հանգույց է բեռների, ծառայությունների, էներգիայի և թվային տվյալների արագ մատակարարման համար, և կարվի առավելագույնն այդ գործառույթն ամրապնդելու համար։

Այս հայտարարությունը վարչապետն արել է Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում անցկացվող «Ապագայի սահմանում և ռիսկերի կառավարում» խորագրով առաջնորդների պանելային քննարկման ժամանակ ունեցած ելույթում։

«Երբ խոսքը Հարավային Կովկասի մասին է, իհարկե, բոլոր այս անորոշություններն ու գլոբալ մարտահրավերներն ազդում են նաև մեր տարածաշրջանի վրա։ Սակայն, միաժամանակ, Հարավային Կովկասը մեծ նշանակություն է ձեռք բերում իրադարձությունների նման զարգացման պայմաններում։ Մենք անում ենք առավելագույնը, որպեսզի լիարժեք օգտագործենք այս հնարավորությունները։ Վրաստանը երկար տարիների ընթացքում ապացուցել է, որ հուսալի կամուրջ է Եվրոպայի և Ասիայի միջև։ Մենք անում ենք առավելագույնը կապակցվածության կարողությունն ուժեղացնելու համար։ Առկա միջավայրում, երբ առևտրային երթուղիները կանգնած են առանձնահատուկ մարտահրավերների առջև, իհարկե, մենք կարող ենք տարբեր ծառայություններ առաջարկել մեր գործընկերներին աշխարհի տարբեր կետերում։

Վրաստանը տարանցիկ հանգույց է բեռների, ծառայությունների, էներգիայի և թվային տվյալների արագ մատակարարման համար։ Մենք կանենք առավելագույնը մեր երկրի այս գործառույթն ամրապնդելու համար»,- հայտարարել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Վրաստանը 23 դարերի պատմություն ունի, և այդ ընթացքում ստիպված է եղել գոյատևել բարդ աշխարհաքաղաքական միջավայրում ու կայսրությունների խաչմերուկում։