Վրաստանի կառավարությունը 80,5 մլն դոլար կվճարի ռուսական «Ինտեր-ՌԱՕ»-ին

Ստոկհոլմի արբիտրաժը պարտավորեցրել է Վրաստանի կառավարությանը 80,5 մլն դոլար վճարել ռուսական «Ինտեր-ՌԱՕ» էներգետիկ ընկերությանը։

Ռուսական Россия 24 պետական ​​հեռուստատեսության փոխանցմամբ՝ «Ինտեր-ՌԱՕ»-ի և Վրաստանի կառավարության միջև երկարատև վեճն ավարտվել է ընկերության հաղթանակով։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը պարտավորեցրել է Վրաստանի կառավարությանը հօգուտ ընկերության վճարել մոտ 80 մլն դոլար։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ փոխհատուցման չափը կվերանայվի մինչև 2022 թվականի մարտը և նախատեսվում է, որ կգերազանցի 100 միլիոն դոլարը։

Այս թեմայի շուրջ Վրաստանի արդարադատության նախարարությունը պարզաբանում է արել, և նշել, որ Ստոկհոլմի արբիտրաժը 2021 թվականի ապրիլի 19-ին որոշում է կայացրել, ըստ որի «Ինտեր-ՌԱՕ»-ն իրավունք ուներ որոշակի փոխհատուցում ստանալու։

Նախարարության տվյալներով՝ «Ինտեր-ՌԱՕ»-ն 200 մլն դոլարի փոխհատուցում է պահանջել, որը «չի բավարարվել Վրաստանի կառավարության ներկայացրած փաստարկների և ապացույցների հիման վրա, իսկ 2021 թվականի նոյեմբերի 23-ին փոխհատուցման չափը սահմանվել է 80,5 մլն դոլար»։

«Պետությունը դեռ կարծում է, որ սակագները ճիշտ են սահմանվել 2014 թվականին, ուստի իրավարար վճիռը բողոքարկվում է Ստոկհոլմի դատարանում՝ որպես անհիմն։ Համապատասխանաբար, հարցի շուրջ դատական ​​վեճը շարունակվում է, և անկախ դրա ելքից, պարզ է, որ այն չի ազդի բնակչության սակագների վրա»,- նշել են Արդարադատության նախարարությունից։

Ընկերությունն արբիտրաժային վեճ է սկսել 2017 թվականին ընդդեմ կառավարության։  Մասնավորապես, արբիտրաժը ներկայացվել է «Ինտեր-ՌԱՕ»-ին հոլանդական երկու դուստր ձեռնարկությունների անունից:

Ընկերությունը ցանկանում էր բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը և 2014 թվականին սակագներ սահմանելիս պահանջում էր փոխհատուցել լարիի արժեզրկման հետևանքով պատճառված վնասը։

Արդարադատության նախարարությունը նաև նշել է, որ «Վրաստանի կառավարությունը սահմանել է սակագներ՝ համաձայն պետության և Վրաստանի քաղաքացիների շահերի, որպեսզի 2014 թվականից մեր քաղաքացիները վճարեն ավելի ցածր սակագներ, քան ընկերությունը պահանջել է»։

Նշենք նաև, որ «Ինտեր-ՌԱՕ»-ին է պատկանում Վրաստանում գործող «Թելասի» էներգետիկ ընկերության բաժնետոմսերի 75%-ը:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր