Սուրբ Սարգսի տոնակատարությունը Թբիլիսիում. Վիրահայոց թեմի հայտարարությունը

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, որն այս տարի նշվում է փետրվարի 12-ին, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է.

«Սիրելի հավատացյալներ,
2022 թվականի փետրվարի 11-ինժամը 15:00-ինհրավիրում ենք ձեզ մասնակցելու ուխտագնացությանը՝ դեպի Խարփուխի «Սուրբ Սարգիս» մատուռ: Ուխտավորների թափորը սկիզբ կառնի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակից, այնուհետև կշարժվի դեպի Սուրբ Սարգիս մատուռ: Մոմավառությունից և աղոթքից հետո ուխտավորների թափորը կառաջնորդվի դեպի Մեյդանի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:

Ժամը 17:00-ին, Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի  Սուրբ Սարգսի նախատոնակ, երիտասարդների օրհնության կարգ և աղի բլիթների բաժանում», — ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է, փետրվարի 12-ին, ժամը 11:00-ին, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կմատուցվի Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակին Սուրբ և Անմահ Պատարագ: