Ծաղկեփնջեր կապենք ու մեր մայրերին նվիրենք, հետո նրանց աչքերից սեր ու գարուններ քաղենք

Փետրվար ամիսը միշտ չի հերիքում՝ քիչ է մի տեսակ: Աչքներս չենք հասցնում թարթել, վերջանում է, իր գնալով սակայն բերում գարնան հոտն ու գույները: Կարծում եմ հեչ պատահական չի, որ կանանց տոները սկսվում են ձմռան վերջանալով ու գարնան գալով: Կանայք էլ մարտ ամսի նման անկանխատեսելի, երբեմն էլ անհասկանալի ու ‹‹գժոտ›› են, ապրիլի նման ծաղկուն ու եթերային, մայիսի նման ջերմ ու հուզառատ: Կանայք տարվա եղանակներից հենց գարունն են, ձմեռներից հետո միշտ երկար սպասված, աշունների մեջ էլ իրենց հետքը թողած, ամառների հետ միշտ թևանցուկ ու միաժամանակ միշտ մրցակցող…

Փետրվարի վերջանալով է, որ մեր երակներում սկսում է հոսել գարունը, իսկ առաջին ձնծաղիկին միշտ անհամբեր ենք սպասում, որ դրանցից սեր ծաղկեփնջեր կապենք ու մեր մայրերին նվիրենք, հետո նրանց աչքերից սեր ու գարուններ քաղենք. անթի՜վ-անհամա՜ր…

Փետրվարն այն ամիսն է, որի ընթացքում միշտ ստիպված ես խնայել, որովհետև գիտես՝ հետո գալու է տոնառատ մարտը: Որպես կանոն մենք էլ, երեք քույրերս ու եղբայրս միշտ փետրվարից էինք պատրաստվում մարտ ամսի անակնկալներին ու պատրաստում անակնկալներ մայրիկի, տատիկի, երբեմն նաև մոտիկ հարևան, բարեկամների համար՝ կախված նրանից, թե որքան գումար կհասցնեինք ‹‹հետ գցել››: Իսկ այդ գումարը սովորաբար մամայից կամ պապայից էինք ուզում դպրոցական ամենատարբեր պարագաներ առնելու համար: Հունվարի վերջից սկսում էինք ամենատարբեր պատրվակներով ու պատճառաբանություններով մամայից հերթով փող պոկել: Մայրս երբեմն զայրանում էր, թե ասեք ում ի՞նչ է պետք ես կառնեմ, մենք էլ արդարանում էինք, որ նոր կիսամյակ է սկսվել հազար ու մի բան է պետք, ու, որ արդեն մեծ ենք, ավելի լավ գիտենք մեզ ինչ ու ինչքան է պետք:

Փետրվարի վերջ մարտի սկիզբ, որպես կանոն քույր-եղբայրական հավաք էինք անցկացնում, հասկանալու համար, թե որքանով ենք պատրաստ տոներին ու ով ինչքան գումար է կարողացել կուտակել: Սովորաբար այնքան էլ մեծ գումար չէր ստացվում հավաքել, երբեմն կարելի է ասել կոպեկներով փորձում էինք մայրիկի ու տատիկի համար ‹‹արժեքավոր›› նվերներ առնել: (Դե փոքր ժամանակ մտածում էինք, որ նվերի գինը ուղիղ համեմատական է արժեքին, կարծում եմ շատերն են ինչ-որ մի ժամանակ այդպես մտածել): Տխրում էինք, երբ մեր պատկերացրած ‹‹արժեքավոր›› նվերները մեր կուտակածից ավելի թանկ էին լինում: Բայց մենք հնարամիտ էինք, էլ չասեմ, որ փոքր քույրս էլ ձեռքի շնորք ուներ: Ուզածդ իրը հաշված օրերի ընթացքում գործում էր՝ շյուղով, հելյունով, ամենակարևորը՝ սիրով: Ամենատարբեր նախշերով բռնիչներ էր գործում: Բոլորս համոզված էինք, որ դրանք կենցաղում թե՛ մայրիկիս, թե՛ տատիկիս շատ պետք կգան: Երբեմն հենց իրենց աչքի առաջ իրենց համար նվերներ էինք գործում ու ասեղնագործում, ամեն օր սար էինք բարձրանում ձյան վրա փնտրելով գարնան ու ձնծաղիկի հետքեր…

Մարտի 8-ին, եթե հայրս դեռ տանն էր՝ խոպանում աշխատելու փոխարեն, հաշվի առնելով մեր տանը կանանց բացարձակ մեծամասնությունն ու իր գրպանի համեստ հնարավորությունները, այդ օրը իր վրա էր վերցնում սեղան գցելն ու երբեմն էլ, ինչ-որ մի համեղ բան պատրաստելը: Թեև մենք՝ տան կանայք ու աղջիկները, որ ընդհանուր թվով հինգն էինք, կեսից խառնվում էինք գործին ու օգնում հորս ‹‹տոնական›› սեղան պատրաստել: Հետո հավաքվում էինք սեղանի շուրջ միմյանց շնորհավորում, երբեմն էլ շփոթվում եղբորս էլ էինք շնորհավորում՝ մի կուշտ ծիծաղում ու ներողություն խնդրում, ու երկար համոզում, որ ոչ թե ծաղրում այլ կատակ ենք անում: Իսկ հետո, նվերները հանձնելու ամենահանդիսավոր պահին, մայրս ու տատս դեմքներին զարմանք էին հագնում: Մենք էլ հավատում էինք, թե գլխի չեն ընկել, որ մի ամբողջ ամիս իրենցից տեղի անտեղի փող ենք ուզել, երբեմն մերժում, երբեմն փող ստացել ու իրենց նվերներ ենք առել: Իսկ ձնծաղիկին պետք է մի փոքր էլ սպասեին, քանզի նրանք գլուխները դեռ խնամքով թաքցնում էին ձյան տակ:

Ու այսպես ամեն տարի, մինչև մեծացանք ու արդեն մենք էլ էինք նվերների սպասում, դեմքներիս զարմանք հագնում, երբ երկար սպասված ինչ-որ հագուստ, իր կամ տեխնիկա էինք նվեր ստանում: Զարմանք էինք հագնում, անգամ եթե մինչ այդ բազմիցս ակնարկած էինք լինում ‹‹ցանկալի›› նվերի մասին, որոնք դեռ չունեինք. վարսահարդարիչ, պայուսակ, հեռախոս, լուսանկարչական ապարատ ու ինչ խելքներիս փչեր:

Հիմա նվերների փոխարեն փնտրում եմ մորս կանաչ, փայլուն աչքերը: Դրանցում մի անսովոր հանգստություն ու ներդաշնակություն կա: Դրանցում փնջերով ձնծաղիկներ ու սեր կա, շա՜տ սեր կա: Մորս աչքերում գարուն կա՝ գարնան բույրն ու գույնը կա: Դրանցում մեզ համար անթիվ անհամար նվերներ կա:

Փնտրում եմ տատիս սպիտակ մազերը, ու իմ փոքրիկ փամփլիկ մատները, որ անվերջ խաղում էին դրանց հետ, առանց գլխի ընկնելու, որ ամեն մի մազը սպիտակելու իր պատճառն ու պատմությունն ունի, իր հաղթանակն ու պարտությունն ունի, իր մեղավորն ունի: Դրանցից մեկի մեղավորն էլ ես էի հավանաբար՝ իմ անվերջ չարաճճիություններով ու անհանգիստ բնավորությամբ:

Նվերների էլ չեմ սպասում Մորս գարուն աչքերին նայելն ու տատիս ձյան նման սպիտակ մազերի հետ խաղալը հերիքում է ինձ: Միայն փետրվար ամիսը ինձ չի հերիքում, քիչ է մի տեսակ:

Հեղինակ՝ Հերմինե Կարապետյան (ջավախքցի, Հայաստանի հանրային ռադիոյի «Բլից արտ» հաղորդաշարի լրագրող, հաղորդավար)

«Ալիք մեդիայի» «ընթերցողից» շարքում հրապարակվում են մեր ընթերցողների խոհերը։ Սյունակում տեղ գտած մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել Ալիքի տեսակետների հետ։