Ծերեթելի պողոտայի նորոգումը կավարտվի հունվարի վերջին. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարում է, որ Ծերեթելի պողոտայի նորոգման աշխատանքները կավարտվեն հունվարի վերջին։ Քաղաքապետն այս խոստումը տվել է այսօր՝ հունվարի 17-ին:

Հունվարի 15-ին Թբիլիսիի քաղաքապետը հրաման է արձակել Ծերեթելի պողոտայի վերականգնման աշխատանքներով զբաղվող ընկերությունների հետ պայմանագրերը խզելու մասին։

«Վերականգնողական աշխատանքներն իրականացվում են անորակ, այսօրվա դրությամբ աշխատանքների հիմնական մասն ավարտված չէ»,- գրված է Կախա Կալաձեի հրամանում։

Ծերեթելի պողոտայի վերականգնումը սկսվել է 2023 թվականի ապրիլի 19-ին, իսկ ապրիլի 20-ին Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Բենդելիանին հայտարարել էր, որ մայրաքաղաքի բանուկ պողոտաներից մեկի վերականգնումը պետք է ավարտվի 2024 թվականի հունվարին։ Նույնը ապրիլի 24-ին ասել էր Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։