«Ճանապարհորդիր Վրաստանում». Նոր զբոսաշրջային ծրագիր

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան  խոսել է ներքին զբոսաշրջությունը խթանող նոր ծրագրի մասին` «Ճանապարհորդիր Վրաստանում»: Վարչապետը կոչ է արել բնակչությանը անկտիվ  մասնակցություն  ունենալ ծրագրին:

«Ներքին տուրիզմի հետ կապված մենք նոր ծրագիր ենք սկսում, ու ես ուզում եմ խնդրել յուրաքանչյուրին` միանալ այդ ծրագրին: Պանդեմիայի շնորհիվ մենք հնարավորություն ունենք նորովի բացահայտել մեր երկիրը, պատրաստվել, որ միջազգային զբոսաշրջության վերաբացումից հետո դառնանք մեր երկրի լավագույն գիդերը օտարերկրյա հյուրերի համար»,- ասել է վարչապետը` կոչ անելով ժամանակն արդյունավետ օգտագործել, թեթևացնել զբոսաշրջային հատվածների` կորոնավարակով պայմանավորված խնդիրները: Ավելի վաղ Գախարիան նաև վրաստանյան պաշտոնյաներին էր կոչ արել հանգիստը երկրի ներսում կազմակերպել ու խթանել ներքին տուրիզմի զարգացումը: