Թատրոնիս մրցանակն է. Արմեն Բայանդուրյանը Թումանիշվիլիի անվան մրցանակ է ստացել

Վրաստանի թատերական միության որոշմամբ` արդյունավետ ստեղծագործական աշխատանքի և ծննդյան 65-ամյակի առթիվ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանին շնորհվել է վրաց ռեժիսոր Միխեիլ Թումանիշվիլիի անվան մրցանակ:

Մտավորականն ասում է՝ վրաստանյան ռեժիսուրայի ասպարեզում բարձրագույն պարգևի արժանանալը նոր սպասելիքների սկիզբ է.

Թատերական միության ամենամյա մրցանակը  համարում եմ, որ մեր թատրոնի մրցանակն է: Սա նոր հույս է ներշնչում, մեկ անգամ ևս վերհիշելու համար, որ մենք կարևոր դեր ենք կատարում Վրաստանում, սա Վրաստանի թատրոնն է՝ հայերենով:

Նախորդ թատերական տարվա ընթացքում Թբիլիսիի հայկական դրամատիկականը 47 ներկայացում է խաղացել: Գեղարվեստական ղեկավարի գնահատմամբ՝ սեփական շենք ու բեմ չունենալու պարագայում սա գոհացնող ցուցանիշ է: Այս տարի նաև հյուրախաղերի աշխարհագրությունն են ընդլայնել՝ լինելով գրեթե բոլոր հայաշատ տարածքներում: Շոշափելի արդյունք է համարում այն, որ այն շրջաններ են մտել, ուր մի քանի տասնյակ տարի ներկայացում չէր խաղացվել՝ նկատի ունի Քվեմո Քարթլին.

«Ակումբներ կային, ուր խոտը հնձել ենք նոր ենք մտել, և մենք գտել ենք այնտեղ մեր բարեկամին՝ մեր հանդիսականին, մենք նրանց հետ այսուհետ սերտորեն կապված ենք: հաճախ ենք նրանց մոտ գնալու: Այսօր պետական թատրոնը պարտադիր չէ, որ միայն փառատոնների մասնակցի ու մեծ քաղաքներում ու մեծ երկրներում լինի: Մենք ապրում ենք մեր հայաշատ տարածքների համար, պարտավոր ենք նրանց ներկայանալ: Հիմա էլ վեց հայկական գյուղերի համար ամանորյա ներկայացումներ ենք խաղալու»:

Այս թատերական տարին ևս նորություններով կառանձնանա. կհրավիրվեն առաջատար ռեժիսորներ: Մարջանիշվիլիի թատրոնի ճանաչված ռեժիսոր Լեվան Ճոլաձեն այս տարի հայկական թատրոնում բեմադրություն կանի: Ներկայացում անելու պատրաստակամություն են հայտնել նաև Թբիլիսիի թատերական ինստիտուտի ռեկտոր Գոգա Մարգվելաշվիլին, հանրահայտ ռեժիսոր Ավթո Վարսեմաշվիլին: Բայանդուրյանն ասում է, որ սա միայն օգնելու է թատրոնի բեմադրիչներին: Սա նոր խոսք է, նոր ասելիք՝ փորձի փոխանակման առումով՝ հետաքրքիր:

Նոր հյուրախաղեր են սպասվում: Երկու միջազգային թատերական փառատոնի մասնակցության ծրագրեր կան՝ Թուրքիայում և Ֆինլանդիայում:

Թատրոնի շենքի հիմքը գցված է, հիմքի սյուների վրա են աշխատում, այս դեկտեմբերին կանգուն շենք կունենանք: Եվս մեկ տարի էլ կպահանջվի՝ ներքին աշխատանքների համար: Այս գրաֆիկով՝ 2020 թվականի դեկտեմբերին հայկական թատրոնը շենք կմտնի:

«Լիարժեք ստեղծագործելու համար մնում է միայն շենք մտնել: Առանց հարազատ պատերի՝ հնարավոր չէ վերջնականորեն բացահայտել դերասանիդ, ռեժիսորիդ, նկարչիդ: Մենք հյուր ենք, և ինչքան շուտ մեր տուն վերադառնանք, այնքան շատ հաղթանակներ կունենանք»,- ասում է Արմեն Բայանդուրյանը: