Թբիլիսահայերի օգնությունը հասավ Արցախից տեղահանված ընտանիքներին

Վիրահայոց թեմի, «Վրաստանի հայ համայնք» և «Միասին» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ «Հայարտուն» կենտրոնում կազմակերպված հումանիտար օգնությունը հոկտեմբերի 19-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տ. Կիրակոս եպս. Դավթյանի գլխավորությամբ և Թբիլիսիի հայկական մի շարք կազմակերպությունների ղեկավարների և անդամների մասնակցությամբ բաժանվեց ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի 10 գյուղերում ժամանակավոր ապաստան գտած, Արցախից բռնի տեղահանված 42 ընտանիքի։ Այս մասին փոխանցում է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։

Տեղեկության համաձայն՝ թբիլիսահայերի կողմից ընտանիքներին փոխանցվել է գումար և երեխաներին՝ նվերներ:

Հաղորդագրության մեջ ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում Վրաստանում ՀՀ դեսպանությանը հումանիտար օգնության տեղափոխմանն աջակցելու հարցում և կոչ անում բոլորին՝ միանալ արցախահայերին աջակցելու գործին: