Թբիլիսի-Երևան թռիչքի չեղարկում. հակասական մեկնաբանություններ

Թբիլիսիի օդանավակայանը չեղարկել է դեպի Երևան փետրվարի 29-ին նախատեսված չվերթը: Պատճառների մասին հնչում են հակասական մեկնաբանություններ։

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ «Armenia Aircompany»-ի չվերթը չեղարկվել է, քանի որ օդանավը կապիտալ զննման է գնացել:

Թռիչքների չեղարկման մասին դեռևս ժամեր առաջ հայտնեց «Ալիք մեդիան», ինչը, սակայն ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը «սադրանք ու չհիմնավորված տեղեկություն» է համարել։

«Այս սադրանքը կարդալուց հետո անմիջապես կապ եմ հաստատել Արմենիա ընկերության տնօրինության հետ, որը և հաստատեց իմ կասկածների հիմնավորվածությունը», — գրել է Ճաղարյանը՝ հաղորդելով, որ թռիչքների չեղարկման պատճառն ուղևորների անբավարար քանակն է:

Հատկանշական է, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունն էլ հայտնում է, որ «Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը բացառապես պայմանավորված է այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ»։

Ի վերջո՝ օդանավի կապիտալ զննո՞ւմ, ուղևորների անբավարար քանա՞կ, թե՞ փոփոխություններ չվացուցակներում․ թե որն է չվերթի հետաձգման պատճառը, ոլորտի պաշտոնյաները կարծես դեռևս չեն կողմնորոշվել։