Թբիլիսիի քաղաքապետարանը մետրոյի վագոններ կգնի ռուսական ընկերությունից

Թբիլիսիի քաղաքապետարանը մետրոյի համար վագոններ կգնի ռուսական Метровагонмаш ընկերությունից։ Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեի խոսքով՝ 2021 թվականին հայտարարված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) մրցույթում հաղթած ռուսական ընկերության հետ պայմանագիրը չի խզվի։

Իրակլի Խմալաձեի պարզաբանմամբ` պատճառն այն է, որ Метровагонмаш ընկերության նկատմամբ պատժամիջոցները չեն կիրառվում։

ՎԶԵԲ-ի հայտարարած մրցույթում, որը վերաբերում էր Թբիլիսիի մետրոպոլիտենի կողմից նոր վագոնների գնմանը, ռուսական Метровагонмаш ընկերությունը հաղթեց 2021 թվականի դեկտեմբերին։ Ընկերությունը պետք է մայրաքաղաք հասցնի 49 190 000 եվրո արժողությամբ 44 վագոն։ Գնման արժեքը լարիով կազմում է 172 մլն լարի։

2022 թվականի մարտի 11-ին Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ EBRD-ն կասեցրել է Метровагонмаш-ի հետ ֆինանսական հաշվարկը։