Թբիլիսիի Նորաշեն եկեղեցին այսօր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

«Ալիք Մեդիա»-ն ներկայացնում է Վրաստանում վիճելի համարվող եկեղեցիներից մեկի՝ Նորաշենի այսօրվա իրավիճակը:

Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 1467 թվականին, որոշ աղբյուրներում հիշատակվում է 1507 թվականը: Այժմ եկեղեցին կանգուն է, սակայն գտնվում է անմխիթար վիճակում:

Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին Հին Թիֆլիսի հանրահայտ ու նշանավոր հայկական եկեղեցիներից է եղել: Վերջինս գտնվում է Թբիլիսիի Մեյդան հրապարակի հարևանությամբ, ներկայիս Կոտե Աբխազի փողոցի (նախկին Լեսելիձե փողոց) № 41-ում, վրաց առաջնորդանիստ Սուրբ Սիոն և հունական Ջվարիս Մամա եկեղեցիների հարևանությամբ:

Ինչ վերաբերում է Նորաշեն անվանմանը, ապա եկեղեցին իր ամբողջ պատմական տարեգրությունում հիշատակվել է Սուրբ Աստվածածին և երբեք չի նշվել՝ «Աւետյաց Սուրբ Աստվածածին», ինչպես սխալմամբ գրել է Պ. Մուրադյանը: Հավանաբար, այս մտայնությունն էլ որոշ վրաց հոգևորականների համար հիմք է հանդիսացել շինությունն անվանել վրաց Խարեբա (թարգմանաբար՝ Ավետյաց) եկեղեցի, որը և վրաց եկեղեցու ծիսակարգով փորձել են օծել 1995 թ. փետրվարի 15-ին:

Եկեղեցու ներկա տեսքը ներկայացնում ենք լուսանկարներով: