Թբիլիսիում ձերբակալվել է իրանցի ակտիվիստ

Թբիլիսիում ՆԳՆ Միգրացիոն դեպարտամենտը ձերբակալել է 44-ամյա իրանցի ակտիվիստի, որին, ընկերների խոսքով, հայրենիք արտաքսվելու դեպքում մահապատիժ է սպառնում։ Հադի Ռոստամին այժմ, ըստ նախնական տեղեկությունների, գտնվում է Միգրացիոն դեպարտամենտում և սպասում է որոշմանը։

Նրա ծանոթների տեղեկություններով՝ երիտասարդ տղամարդուն Իրանի իշխանությունները ներառել են 40 հոգանոց «սև ցուցակում»։ Նա այն անձանցից է, ովքեր բողոքում էին այաթոլլաների ռեժիմի դաժանության դեմ, և սեփական կյանքը փրկելու համար որոշել էր փախչել երկրից ու հաստատվել Վրաստանում։

Ձերբակալված տղամարդու ընկերները օգնության խնդրանքով դիմել են Վրաստանի իշխանություններին։

«Մոտ երեք օր առաջ են ձերբակալել։ Հիմա ուզում են նրան արտաքսել (դեպորտ անել), ինչը շատ վտանգավոր է։ Գիտեք, որ այս երեք ամսվա ընթացքում Իրանում մոտ 700 քաղաքացու են կախաղան հանել, և եթե նրան հետ ուղարկեն, հենց այդպես էլ կվարվեն նրա հետ։ Դա շատ վտանգավոր է, և մենք ուզում ենք, որ կառավարությունն օգնի»,- ասել է նրա ընկերը։