Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը

Հունգարիայի կառավարությունն այսօրվանից դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին, հայտարարել է Հունգարիայի կառավարության մամուլի խոսնակ Վանդա Շոնդին։

Նրա խոսքով՝ այս քայլն օտարերկրյա աշխատուժի ներհոսքի կարգավորմանն ուղղված առաջին փուլն է։ Շոնդիի հայտարարության համաձայն՝ օտարերկրյա պետություններից Հունգարիա ժամանած աշխատուժի պատճառով տեղի աշխատողների աշխատավարձերը նվազում են, և նրանք կորցնում են իրենց աշխատատեղերը։

Հունգարիայում արդեն իսկ աշխատող Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները դեռևս կարող են դիմել աշխատանքային վիզայի ժամկետի երկարաձգման համար։

Reuters-ի փոխանցմամբ՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, օտարերկրյա աշխատուժը կազմում է Հունգարիայի աշխատուժի ընդամենը 2%-ը, թեև որոշ ոլորտներ, ինչպիսիք են սպասարկումն ու արտադրությունը, զգալիորեն կախված են օտարերկրյա աշխատուժից։