Անկախության օրը Մառնեուլիում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Վրաստանը մայիսի 26-ին նշում է Անկախության օրը։ Օրվան նվիրված միջոցառումներն ի թիվս այլ քաղաքների, անցկացվում են նաև Մառնեուլիում:

Մառնեուլի մուտքի մոտ՝ նորաբաց այգում, մեծ միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցում են շրջանի գյուղերից ժամանած մշակութային, ստեղծագործական խմբեր, ներկա են քաղաքային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, տարբեր կրթօջախների աշակերտներ, ուսուցիչներ, տեղացիներ և հյուրեր:

Անկախության օրվան նվիրված միջոցառմանը ցուցադրվում են տեղական արտադրության ապրանքերի ցուցանմուշներ, կազմակերպվում են մանկական խաղեր, մշակույթի տան սաները պարային ու երաժշտական համարներով են հանդես գալիս:

1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդը Թբիլիսիում ընդունեց Պետական ​​անկախության ակտը և անկախություն հռչակեց Ռուսական կայսրությունից։

Խորհրդային օկուպացիայի և անեքսիայի պատճառով, սակայն, Վրաստանի Դեմոկրատական ​​Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ 3 տարուց էլ քիչ անց։

1989 թվականի ապրիլի 9-ի ողբերգությունից հետո երկրում ակտիվացել էր ազգային շարժումը։ Վրաստանի Գերագույն խորհուրդը ստիպված եղավ 1921 թվականի փետրվարի 25-ի ակտը ճանաչել որպես Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացիա։ Ավելի ուշ նշանակվեցին Գերագույն խորհրդի ընտրություններ։ Ընտրությունները տեղի ունեցան 1990 թվականի հոկտեմբերի 28-ին, և հաղթանակ տարավ Զվիադ Գամսախուրդիայի գլխավորած «Կլոր սեղան-Ազատ Վրաստան» կուսակցությունը։

1991 թվականի մարտի 31-ին Գերագույն խորհուրդը համընդհանուր հանրաքվե անցկացրեց հետևյալ հարցով.

«Համաձա՞յն եք 1918 թվականի մայիսի 26-ի Անկախության ակտի հիման վրա Վրաստանի պետական ​​անկախության վերականգնմանը»։

Վրաստանի բնակչության 98,9 տոկոսը կողմ արտահայտվեց Վրաստանի անկախության վերականգնմանը։

1991 թվականի ապրիլի 9-ին հանրաքվեի հիման վրա Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի անկախության վերականգնման մասին։

Նույն թվականի մայիսի 26-ին Վրաստանն ընտրեց առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիային։