«Թրանսփերենսի Ինտերնեշնլ- Վրաստանը» (International Transparency Georgia / TI) Ստրասբուրգի դատարան ևս մեկ հայց է ուղարկել։ TI-ի փոխանցմամբ՝ GCRT-ի (Խոշտանգումների զոհերի հոգեբանական վերականգնողական կենտրոն) աշխատակից, կլինիկական հոգեբան Թինաթին Ջավախիշվիլիին բողոքի ակցիային մասնակցելու պատճառով անարդարացիորեն և դատավարական կոպիտ խախտումներով ենթարկել են 5000 լարիի չափով տուգանքի։
Հենց այս որոշումն է TI-ն բողոքարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարան ևս մեկ հայց ենք ուղարկել։ Համակարգային բռնաճնշումների և անօրինականության հերթական զոհը GCRT-ի աշխատակից, կլինիկական հոգեբան Թինաթին Ջավախիշվիլին է, որը երկար տարիներ աշխատում է խոշտանգումների զոհերի վերականգնողական ծրագրերում։
Բողոքի ակցիային մասնակցելու պատճառով նրան անարդարացիորեն և դատավարական կոպիտ խախտումներով ենթարկել են 5000 լարիի չափով տուգանքի. նրան ո՛չ վարչական իրավախախտման արձանագրությունն են հանձնել, ո՛չ դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն են տվել։
Սա միտումնավոր անարդարություն է՝ ուղղված արտահայտվելու ազատության դեմ»,- նշված է հաղորդագրության մեջ։