USAID-ին ուղղված մեղադրանքները կեղծ են. ԱՄՆ դեսպանատուն

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ծրագրի վերաբերյալ Վրաստանի ազգային անվտանգության ծառայության (ՊԱԾ) և իշխող թիմի հայտարարություններին՝ նշելով, որ վերջիններիս հնչեցրած պնդումները կեղծ են։

Ըստ դեսպանատան՝ իրենց կարծիքն ու ձգտումներն ազատորեն արտահայտելու քաղաքացիների իրավունքը ցանկացած ժողովրդավարության հիմքն է և այն արժեքը, որին համամիտ են և՛ Վրաստանը, և՛ ԱՄՆ-ը։

«Մեր աջակցության նախագծերից մեկի հասցեին հնչեցված մեղադրանքները կեղծ են և հիմնովին խեղաթյուրում են Վրաստանին մեր օգնության նպատակները։ USAID-ն աջակցում է Վրաստանի բնակչությանը 1992 թվականից։ Ինչպես միշտ՝ այս աջակցությունը թափանցիկ է, և մենք ողջունում ենք կառավարության ցանկացած մտահոգություն քննարկելու ցանկացած հնարավորություն:

Ավելի քան երկու տարի USAID-ը համագործակցում է CANVAS-ի հետ՝ օգնելու մարդկանց բարձրացնել իրենց ձայնն իրենց ընտանիքների և համայնքների համար կարևոր խնդիրների վերաբերյալ: CANVAS-ի հետ համատեղ անցկացվել են դասընթացներ երեխաների ուռուցքաբանական հիվանդությունների բուժման բարելավում պահանջող մայրերի և տարեցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց համար»,- նշված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

Դեսպանատունը հավելել է՝ չնայած չհիմնավորված հարձակումներին, կշարունակեն աջակցել վրացական այն կազմակերպություններին, որոնք օգնում են ժողովրդին պաշտպանել իրենց որոշած ու արժանի ապագան և Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքները:

Ի դեպ, երեկ Վրաստանի իշխանությունը, ինչպես նաև ՊԱԾ-ը, USAID-ին մեղադրել են պետական հեղաշրջման փորձի ֆինանսավորման մեջ: Ընդդիմությունն ու քաղհասարակությունը համարում են, որ սա «Օտարերկրյա գործակալների» օրինագծի ու մարտյան իրադարձությունների շարունակությունն է, իսկ տվյալ «դեպքը» ՊԱԾ-ը հորինել է՝ խնդրին «լուծում» տալու նպատակով:

USAID-ին մեղադրում են «հեղաշրջման» փորձի մեջ