Ոչ ոք չի մարսի. Բախտաձեն՝ Զուգդիդիի դեպքերի մասին

Արտահերթ ու միջանկյալ ընտրությունների նախաշեմին օրենքի խախտումը ոչ ոք չի մարսելու՝ լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Ընտրություններից օրեր առաջ ամենալարված իրավիճակը Զուգդիդիում է, (Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջան), ուր քաղաքապետի ընտրություններին մասնակցում է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը:

«Բարձր մակարդակով ընտրություններ անցկացնելը մեր ամենամեծ ձեռքբերումն է, և ոչ մի սադրիչի թույլ չի տրվի ստվեր գցել այդ գործընթացի վրա: Եթե օրենք խախտվի, ոչ ոք դա հեշտ չի մարսի», — ասել է վարչապետը:

Զուգդիդիի լարվածության պատճառներից մեկը տեղի սակրեբուլոյի պատգամավոր Գիա Դանելիայի մասնակցությամբ տեսանյութն է: Նկարահանված է մեքենայում, օրեր առաջ այն ցուցադրեց ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը: Դանելիան զրուցակցին պատմում է, որ «վերևից» հրահանգ է ստացել՝ հասնել  իշխող  «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուի հաղթանակին՝ հենց առաջին փուլում՝ ցանկացած մեթոդով:

Դատախազությունը սկսել է տեսանյութի ուսումնասիրությունը, քրեական գործ է  հարուցվել «ընտրողներին կաշառելը», հոդվածով, որը պատժվում է տուգանքով կամ մինչև 3 տարվա ազատազրկմամբ: Դանելիան հայտարարել է, որ տեսագրությունը կեղծված է:

Վերջին օրերին Զուգդիդին մի քանի անգամ հասցրել է հայտնվել նախընտրական կրքերի կիզակետում: Երեքշաբթի օրը միջադեպ է գրանցվել բուսաբանական այգում, ուր նկարահանվում էր Սանդրա Ռուլոֆսի նախընտրական տեսահոլովակը: Նկարահանող խմբին անհայտ մարդիկ էին մոտեցել, ու վեճ էր սկսվել, ավելի ուշ նրանցից մեկը ձերբակալվել էր՝ օպերատորին հարվածելու համար:

Մայիսի 19-ին միջանկյալ ընտրություններ են նշանակված Սագարեջոյի, Ախմետիի, Օզուրգեթիի, Չիատուրիայի, Տկղիբուլիի, Զեստաֆոնիի, Մարնեուլիի շրջանային սակրեբուլոներում (տեղական ինքնակառավարման մարմին):

Մայիսի 19-ին միջանկյալ ընտրություններ են նաև Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում,  ընտրվելու է թվով 150-րդ պատգամավորը, ում տեղը թափուր է 2018 -ի դեկտեմբերից, երբ Սալոմե Զուրաբիշվիլին զբաղեցրեց երկրի նախագահի պաշտոնը: