Արագացված կարգով հաստատվել է ավելի քան 300 ռեպրեսիվ օրենք. GYLA

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) ուսումնասիրության արդյունքներով՝ վերջին 2 տարում խորհրդարանն արագացված կարգով հաստատել է ավելի քան 300 օրենք։ Սովորաբար, արագացված կարգով քննարկման դեպքում օրենքներն ընդունվում են նախաձեռնումից հետո 2-3 օրվա ընթացքում։

Կազմակերպության գնահատմամբ՝ առանց բավարար քննարկման և բանավեճերի ընդունված օրենքները սահմանափակում են մարդու հիմնարար իրավունքները։ «GYLA»-ն պատրաստել է զեկույց, որում մանրամասն անդրադարձել է այս ժամանակահատվածում ընդունված սահմանափակող օրենքներին։ Փաստաթղթի համաձայն՝ փոփոխությունները վերաբերում էին այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են՝ հավաքների ազատությունը, արտահայտվելու ազատությունը, միավորումների ազատությունը, մեդիայի ազատությունը, հանրային ծառայողների իրավունքները։

«2024 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների խաղաղ ակցիաների մասնակիցների դեմ համակարգային խոշտանգումների կիրառումից հետո ռեպրեսիվ օրենսդրությունն էլ ավելի ինտենսիվ դարձավ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, Քրեական օրենսգրքում և «Հավաքների ու մանիֆեստացիաների մասին» օրենքում մի քանի փուլով իրականացված փոփոխությունների արդյունքում զգալիորեն ավելացան բողոքի ակցիաների հետ կապված պատժամիջոցները, ի հայտ եկան բողոքի արտահայտման հետ կապված նոր իրավախախտումներ։

Ստեղծված օրենսդրական կարգավորումը հանգեցնում է հավաքների փաստացի քրեականացման. օրենսդրական շրջանակը, այսօրվա դրությամբ, նախատեսում է հավաքի մասին Ներքին գործերի նախարարությանն իրազեկելու պարտավորություն, որն իր բովանդակությամբ հավասարվում է թույլտվություն ստանալու պարտավորությանը՝ հաշվի առնելով, որ հնարավորություն է տալիս Ներքին գործերի նախարարությանը փոխելու հավաքի ժամանակը, վայրը, երթուղին, նաև` փողոցի երթևեկելի մասի մասնակի կամ ամբողջական փակման դեպքում, ՆԳՆ-ն լիազորված է որոշում կայացնել փողոցը բացելու և/կամ մարդկանց տեղաշարժը վերականգնելու մասին։ Իրազեկման կանոնների խախտումը կամ պարտադիր հրահանգը չկատարելը պատժվում է վարչական կալանքով։ Այս արարքի համար տույժի ենթարկված անձը նույն արարքը եթե կրկին կատարի, կենթարկվի քրեական պատասխանատվության (ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով)։

Զգալիորեն վատթարացել է արտահայտվելու ազատությունը կարգավորող օրենսդրությունը. սահմանափակվել է հեռարձակողների` օտարերկրյա ֆինանսավորում ստանալու հնարավորությունը, ավելացել են ոչ հստակ պարտավորություններ հեռարձակողների անկողմնակալության վերաբերյալ, փաստացիորեն արգելվել են դատարանում լուսանկարահանումը, տեսանկարահանումը և ձայնագրումը։ Ներդրվել է պաշտոնատար անձանց և հանրային ծառայողներին վիրավորելու արգելքի նորմը, որը կամայական կիրառման և «սառեցնող էֆեկտ» ստեղծելու հնարավորություն է տալիս»,- գրված է փաստաթղթում։

Կազմակերպության գնահատմամբ՝ նշված օրենքներն անձնավորված են։ Դա նշանակում է, որ այս օրենքները «իշխող էլիտաները, օրենսդիր մարմնի միջոցով, ընդունում են սեփական իշխանության համախմբման կամ քաղաքական ընդդիմադիրների հալածանքների համար»։ «GYLA»-ի զեկույցն այս համատեքստում վերլուծում է մինչև 2026 թվականի փետրվարի 20-ն ընդունված 27 օրենք, թեև կազմակերպությունում հայտարարում են, որ անձնավորված օրենսդրության միտումը դրանից հետո նույնպես շարունակվել է։