Թբիլիսիում Գևորգ Սարգսյանին սպանողները դատապարտվել են

Թբիլիսիի քաղաքային դատարանը Գևորգ Սարգսյանին խմբակային սպանության մեջ մեղադրվողներից մեկին 17, մյուս երկուսին 15-ական տարվա ազատազրկման է դատապարտել:

Դատախազության տվյալներով, հետաքննությունը պարզել է, որ երկու մեղադրյալները, որոնք լարված հարաբերություններ են ունեցել Գևորգ Սարգսյանի հետ, երրորդ մեղադրյալի հետ ծրագրել են նրա սպանությունը: Գերատեսչության հայտարարությամբ, նրանք 2018 թվականի հուլիսի 12-ին հանդիպել են Սարգսյանին, զրույցը սկսելուն պես, նախապես համաձայնեցրած լինելով, ֆիզիկական վիրավորանք են պատճառել նրան:

Դատախազության տվյալներով կանխամտածված սպանության նպատակով երեք մեղադրյալները դանակներով մարմնի տարբեր հատվածներում 19 վնասվածք են հասցրել: Մեղադրյալներին թաքնվելու համար օգնել են 3 այլ անձինք, որոնց նույնպես դատարանը դատապարտել է 1-ական տարվա ազատազրկման: