Թբիլիսիում հաշվառվել է 29 հազար 676 անօթևան շուն

2025 թվականին անցկացված հետազոտության համաձայն՝ Թբիլիսիի փողոցներում հաշվառվել է 29 հազարից ավելի անօթևան շուն։ Այս տվյալը «Ինտերպրեսնյուս» լրատվամիջոցին հայտնել են Կենդանիների մոնիթորինգի գործակալությունից։

Գործակալության պարզաբանմամբ՝ անօթևան շների քանակի հետազոտությունն այս ուղղությամբ իրականացրել է «Մեիհիու Վրաստան» միջազգային կազմակերպությունը։

Ըստ «Մեիհիու Վրաստան» միջազգային կազմակերպության 2025 թվականի հետազոտության տվյալների՝ մայրաքաղաքի փողոցներում գրանցվել է 29 հազար 676 անօթևան շուն, որոնցից 74%-ը (21 հազար 960 շուն) ստերիլացված է եղել։

Նույն կազմակերպությունը հաշվառում էր անցկացրել նաև 2023 թվականին։ Հետազոտության համաձայն՝ մայրաքաղաքի փողոցներում գրանցվել էր 33 հազար 153 անօթևան շուն։ Նրանցից ստերիլացված էր 32%-ը (10 հազար 600 շուն)։