Ռուսական նավի ժամանումն ու հաջորդած իրադարձությունները

Ռուսաստանի Սոչի քաղաքից երեկ՝ հուլիսի 27-ին, Բաթումիի նավահանգիստ նավարկած ռուսական զբոսաշրջային ASTORIA GRANDE նավի ժամանումը Վրաստանում միանշանակ չընդունվեց:

Նավի ժամանմանը զուգահեռ Բաթումիի քաղհասարակությունը ակցիա էր անցկացնում՝ ռուս զբոսաշրջիկներին ասելով, որ իրենց ժամանումը Վրաստան մեղմ ասած՝ հաճելի չէ: Ակցիայի մասնակիցների կարծիքով, ռուսական նավի ժամանումը ոտնահարում է Վրաստանի ինքնիշխանությունը:

Իրավիճակն ավելի սրվեց, երբ ռուս տուրիստները սկսեցին նավից ցուցադրել ռուսական դրոշը, անպարկեշտ ժեստեր անել և իջնել ու անարգել շրջել քաղաքով: Սրան զուգահեռ, Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» և «Ֆորմուլա» հեռուստաընկերություններին տված հարցազրույցներում ռուս զբոսաշրջիկները հակավրացական և ռուսական օկուպացիան պաշտպանող հայտարարություններ էին անում:

Ռուսական նավի ժամանումն ու դրան հաջորդած իրադարձությունների ժամանակագրությունը

Հուլիսի 22-ին Սոչիից նավարկություն սկսած ռուսական ASTORIA GRANDE զբոսանավը Վրաստանի Բաթումի նավահանգիստ հասավ հուլիսի 27-ի առավոտյան: Նավին Բաթումիում դիմավորեցին բողոքի ակցիայով: Սա սակայն չխանգարեց ռուս զբոսաշրջիկներին իրենց Վրաստանում «տեր» զգալ և ռուսամետ հայտարարություններ ու անպարկեշտ ժեստեր անել:

Բողոքի ակցիայի ֆոնին նրանք անարգել սկսեցին շրջել Բաթումիով, իսկ փողոցում տված հարցազրույցներում վանկարկում էին, որ իրենք «Աբխազիան ազատագրել են Վրաստանից»:

«Մենք ձեզնից ազատագրեցինք Աբխազիան։ Նրանք մեզանից օգնություն խնդրեցին։ Դուք տանկերով գնացիք նրանց վրա։ Մենք տեսել ենք այդ տանկերը։ Ես Աբխազիայում էի։ Մենք տեսանք առանց պատուհանների տներ, տները քանդողները դուք էիք․․․»,- ասել է նավի ուղևորներից մեկը:

Այս հայտարարությունները կայծակնային արագությամբ տարածվեցեցին վրացական մեդիաներում՝ առաջացրնելով Վրաստանի քաղաքացիների զայրույթը:

Արդեն երեկոյան ժամը 20:00-ին Բաթումիի նավահանգստում լայնածավալ բողոքի ակցիա մեկնարկեց: 19:00-ից բողոքի ակցիա էր ընթանում նաև Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց: Բաթումիում հավաքվել էին ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Աբխազիան Վրաստան է», «Ռուսաստանը օկուպանտ է», «Հեռացե՛ք մեր երկրից»։

Ակցիայի նախաձեռնողներից Թազո Մախարաձեն ասել է, որ նավը չպետք է Ռուսաստանից մտներ Վրաստան ոչ Ուկրաինայում ընթացող պատերազմի ժամանակ, ոչ էլ նախկինում, քանի որ Ռուսաստանն օկուպանտ է. «Այս նավի ժամանման նպատակը մեզ Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից հեռացնելն է։ Այս գործընթացների կանխման միակ ճանապարհն այս իշխանության փոփոխությունն է»:

Ակցիայի մեկ այլ նախաձեռնող Ցոտնե Միրցխուլավայի կարծիքով՝ զբոսանավի վրա գտնվող ՌԴ քաղաքացիների մեկնաբանությունները վկայում են, որ նրանք չեն հարգում Վրաստանի իրավասությունն ու ինքնիշխանությունը։

Ժամը 21:00-ին ASTORIA GRANDE զբոսանավը բողոքի ակցիաների և աղմուկի ուղեկցությամբ լքեց Բաթումիի նավահանգիստը: Սակայն, ըստ ASTORIA GRANDE-ի կայքում հրապարակված տեղեկության՝ զբոսանավը կրկին կվերադառնա Բաթումի:

Վրաստանի նախագահը ողջունեց ռուսական նավի դեմ բողոքի ակցիաները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ ինքը հպարտանում է վրաց ժողովրդով. «Ես հպարտ եմ մեր ժողովրդով, որը խաղաղ կերպով իր բողոքն արտահայտեց Ռուսաստանի նոր սադրանքի դեմ»:

Զուրաբիշվիլին նշել է՝ Սև ծովի անվտանգությունը կենսականորեն կարևոր է Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության համար:

Իշխանությունը ակցիաները «սատանայություն» որակեց

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն «սատանայություն» որակեց քաղաքացիների բողոքի ակցիան:

«Ստիպված եմ կոշտ տերմին օգտագործել: Այն, ինչ տեսնում եք, ներառյալ այն, ինչ մենք տեսանք Բաթումիում, պարզապես սատանայություն է: Ուզում եմ հիշեցնել, որ այս տեսակ բռնությունը տարբեր ժամանակներում ծանր հետևանքներ է բերել երկրին»,- իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասել է Կոբախիձեն՝ որպես օրինակ բերելով Վրաստանում 1990-ականներից մինչև 2008 թվականը Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ սկսված պատերազմները։

Ռուս զբոսաշրջիկներն ասացին այն, ինչ Վրաստանի մասին մտածում են Մոսկվայում. փորձագետներ

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, ռուս տուրիստների արտաբերած հայտարարությունները մի փոքր մասն են այն ամենի, ինչ Վրաստանի մասին մտածում են «վերևից» (նկատի ունի Մոսկվայից-խմբ.):

Մելաշվիլին առանձնացնում է ռուսների հետևյալ արտահայտությունները.

  • «Մենք ձեզնից ազատագրեցինք Աբխազիան, Ռուսաստանը օկուպանտ չէ»,
  • «Ի՞նչ եք ասում, Ռուսաստանը օկուպանտ չէ: Վրաստանը, մենք բոլորս Սովետական միություն ենք, միասնական երկիր»,
  • «Ռուսաստանը օկուպանտ չէ, Աբխազիայի և Օսիայի խնդիրը լուծեք ինքներդ»:

Մելաշվիլին քննադատում է Վրաստանի կառավարությանն այն բանի համար, որ նմանատիպ հայտարարությունների ֆոնին, մեծացնում է Վրաստանի կախվածությունը Ռուսաստանից:

Ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդներից Սաբա Բուաձեն կարծում է, որ ավելի վատ բան լինել չի կարող, քան այն, որ մարդիկ, ովքեր եղել են Վրաստանից օկուպացված տարածքներում, հիմա քայլում են Վրաստանի օրենքները խախտելով:

Ըստ նրա՝ Վրաստանի «Օկուպացված տարածքների մասին» օրենքը խախտած ռուսներն ազատ տեղաշարժվել են Բաթումիում.

«Այն մարդիկ, ովքեր քայլում են այն հողի վրա, որը մեզնից խլվել է, և այն հողի վրա, որը նրանք համարում են ռուսական աշխարհի մաս, այդ մարդիկ ազատորեն շրջում էին Բաթումիի փողոցներում։ Կամաց-կամաց ընտելանում ենք։ Մեր զգայունությունը արժեզրկելու փորձերը սկսվեցին Գավրիլովից, շարունակվեցին Պոզներից, շարունակվեցին «ռուսական օրենքով», ռուսների հետ՝ այստեղ՝ թռիչքների վերականգնումով»:

Բուաձեն նշել է՝ խնդիրը ռուս զբոսաշրջիկները չեն, ոչ էլ առևտուրը Ռուսաստանի հետ, այլ Վրաստանի «ռուսական կառավարությունը»։