Թբիլիսիում տեղի ունեցավ ավանդական «Ալիլո» երթը

Թբիլիսիում Սուրբ Ծննդյան կապակցությամբ անցկացված ավանդական «Ալիլո» երթի մասնակիցներին նախագահական նստավայրում ընդունել է նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Ես ուրախ եմ, որ առաջին անգամ այս երթը հասնում է նաև նախագահական այս նստավայր։ Սա գեղեցիկ ավանդույթ է, որ պետք է պահպանել»,-ասել է Զուրաբիշվիլին՝ նվերներ բաժանելով միջոցառման մասնակիցներին։

«Ալիլո»-ն ավանդական միջոցառում է, որն ամեն տարի կազմակերպվում է Սուրբ Ծննդյան օրը։ Այն նախօրեին մեկնարկել է առաջին հանրապետության հրապարակից (նախկին Վարդերի հրապարակ), անցել Ռուսթավելի պողոտայով, Պուշկինի փողոցով, Բարաթաշվիլիի վերելքով, Հավլաբարով և ավարտվել Սամեբա մայր տաճարի մոտ:

Քայլերթի մասնակիցները ճանապարհին նվերներ են ստացել։

«Ալիլոյի» ավանդույթը Վրաստանում սկիզբ է առել դեռևս V-VI դարերից, սակայն վերականգնվել է միայն վերջին տարիներին: Փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը: