Թբիլիսիում զինված անձը 9 պատանդ է վերցրել

Զինված անձը Թբիլիսիի Ծերեթելի պողոտայի միկրոֆինանսական կազմակերպություններից մեկում 9 պատանդ է վերցրել: Այս մասին հայտարարել է Վրաստանի Պարեկային ոստիկանության վարչության պետ Վաժա Սիրաձեն:

Ավելի ուշ տարածվեց տեսագրություն, որտեղ միկրոֆինանսական կազմակերպություն ներխուժած անձը ներկայացնում է իր պահանջները:

Տեսանյութը նկարահանել է պատանդներից մեկը: Ըստ կադրերի՝ հարձակվողը, հաշվի առնելով նրա խոսելու ոճն ու վարքը, ամենայն հավանականությամբ ոչ սթափ վիճակում է:

Նրա երեք պահանջներն են.

«Վրաստանում բոլոր խորհրդարանականները պետք է հավաքվեն և ընդունեն երեք օրենք՝

1) Արգելել բոլոր տեսակի ազարտային խաղերը ամբողջ Վրաստանում,

2) թույլ տալ բանկերին 7%-ով վարկեր տրամադրել, իսկ նրանք, ովքեր ունեն գործող վարկեր, դրանք իջեցվեն 7%-ի,

3) դեղագործական ընկերություններին միայն 10% շահույթի իրավունք տալ»:

Պատանդներ վերցրած անձը համացանցում արդեն ստացել է «Ռոբին Հուդ» մականունը: