Տիկին Սալոմեն հին վրացերենով է խոսում, դա ինձ հաճելի է. Իվանիշվիլի

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին այսօր լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի վրացերենի մակարդակին։

«Հասկանալի է, տիկին Սալոմեն հին վրացերենով է խոսում, դա ինձ հաճելի է: Այն իմ մոտ սեր է արթնացնում՝ հիշեցնելով ինձ սեփական պատմությունս»,- ասել է Իվանիշվիլին՝ այսպիսով փորձելով պատասխանել այն մեղադրանքներին, որ այդ առումով հնչում են։

«Չեմ պատկերացնում, թե ինչու անարժան վրացիները Զուրաբիշվիլիին վրացի չեն համարում»,-ասել է իշխող ուժի ղեկավարը:

Հիշեցնենք՝ «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին վրացերենին լավ չտիրապետելու համար հաճախ է հայտնվում ընդդիմադիրներ քննադատության թիրախում։

Հատկանշական է, որ Զուրաբիշվիլին ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, Վրաստանում է  հաստատվել Վարդերի հեղափոխությունից հետո։