«Տներ»՝ թափառող շների համար

Թբիլիսիում տասնյակ փայտե տնակներ են տեղադրվել՝ թափառող կենդանիների համար: Սա կենդանիների մոնիթորինգի գործակալության և «Վրաստանի ընկերներ» հիմնադրամի համատեղ ծրագիրն է: 

Տնակները, որոնցում անտուն շներն ու կատուները կարող են փրկվել ձյունից ու անձրևից, տեղադրվել են 20 հասցեներում, հիմնականում ընտրվել են այն տարածքները, որտեղ առավել հաճախ են թափառող կենդանիներ հավաքվում:

«Ծրագիրը գործում է 2018 թվականից։ Այս ընթացքում 100 այդպիսի տնակ է կառուցվել: Մեզ օգնում են հասարակական կազմակերպությունները: Այս անգամ Վրաստանի ընկերներ կազմակերպությունն է աջակցում, նրանց կողմից նաև կեր է ձեռք բերվել, որը կբավականացնի որոշ ժամանակ կենդանիներին կերակրելու համար»,- ասում են ծրագրի նախաձեռնողները:

Արդեն կան կամավոր ակտիվիստներ, ովքեր պատրաստ են կենդանիներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով ու հետևել տնակների մաքրությանը: Հիմնադրամի ու գործակալության ներկայացուցիչները պարբերաբար կհետևեն կենդանիների ապաստարանների ապահովությանը:

Թբիլիսիի բնակիչները ևս կարող են դիմել գործակալություն ու հայտնել իրենց թաղամասերում նման տնակներ տեղադրելու անհրաժեշտության մասին: