Տնտեսությունն աճել է 7 տոկոսով

2023 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 8,3 տոկոս, իսկ 2023 թվականի միջին իրական տնտեսական աճը սահմանվել է 7 տոկոս։

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի դեկտեմբերին աճին զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները.

  • շինարարություն,
  • վերամշակող արդյունաբերություն,
  • ֆինանսական և ապահովագրական գործունեություն,
  • տեղեկատվություն և կապ:

Նվազման միտում է նկատվել էներգետիկայի և անշարժ գույքի ոլորտներում։

Geostat-ն ամեն ամիս ներկայացնում է տնտեսական աճի նախնական գնահատականները, որոնք հաշվարկվում են գերատեսչական վիճակագրության հիման վրա: Ամեն ամիս հնարավոր է ճշգրտել նախորդ ամիսների ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող ձեռնարկությունների շրջանառությունները, ինչը, համապատասխանաբար, հանգեցնում է իրական աճի ամսական նախնական գնահատման տվյալների ճշգրտմանը:

Համաշխարհային բանկը թարմացրել է համաշխարհային տնտեսական աճի ակնկալիքները, ըստ որի՝ տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը՝ 4,8 տոկոս, Վրաստանում է սպասվում:

Հատկանշական է, որ Վրաստանի կառավարությունը 2024 թվականին երկրում ակնկալում է 5,2 տոկոս տնտեսական աճ, հետևաբար՝ այս ցուցանիշով նախատեսված է նաև ընթացիկ տարվա բյուջեն։ Այսինքն՝ Վրաստանի կառավարության կանխատեսումն առավել լավատեսական է Համաշխարհային բանկի սպասելիքից։