Ռուսաստանը խոսում է Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին

Օգոստոսյան պատերազմի 13-րդ տարելիցից երկու օր առաջ Ռուսաստանը խոսում է Վրաստանի հետ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին: Այս մասին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է հրապարակել Twitter-ում:

Համառոտ հայտարարության մեջ նախ Սաակաշվիլիի իշխանությունը բնութագրվում է որպես «հանցավոր ռեժիմ», ապա Մոսկվան հայտնում է պատրաստակամություն` հարաբերությունների վերականգնման համար, և ըստ նրանց` «Թբիլիսիում ողջամտությունը կհաղթի»:

Հայտարարության մեջ ոչինչ չի ասվում, թե ինչ պայմաններով կարող են բարելավվել երկու երկրների հարաբերությունները:

«Ռուսաստանը երբեք Միխեիլ Սաակաշվիլիի հանցավոր ռեժիմը չի հավասարեցրել վրաց ժողովրդի հետ:

Մենք պատրաստ ենք բարելավել հարաբերությունները այնքանով, որքանով պատրաստ է վրացական կողմը: Հույս ունենք, որ Թբիլիսիում ողջամտությունը կհաղթի», — գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Բիկանտովը:

Հատկանշական է, որ գրառմանը կից հրապարակված քարտեզը չի ներառում Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներ Աբխազիան ու Օսիան։