Վարչապետ կոչեցյալ Ղարիբաշվիլին չի հասկանա ազատության գինը. Մելիա

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Նիկա Մելիան արձագանքել է այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությանը։

Ղարիբաշվիլին Ուկրաինայում պատերազմող վրացիների մասին ասել է, որ զինվորները «պատերազմական կուսակցությանը» (նկատի ունի ՄԱՇ-ին- խմբ.) տանում են պատերազմելու, և կոչ է արել ընդդիմությանը գնալ առաջին գիծ։

Մելիայի կարծիքով՝ վարչապետի այդ հայտարարությունը վիրավորում է հերոսներին։ Մելիան Ղարիբաշվիլիին անվանել է «վարչապետ կոչեցյալ»։

«Ղարիբաշվիլին չի կարող պատկերացնել, հասկանալ, թե որն է ազատության գինը, և ինչ ուժ կարող է մարդուն տանել առաջնագիծ։ Ինչպե՞ս պետք է հասկանա, եթե այս կյանքում իր տիրոջը ծառայելուց ավելի բան չի արել։

Այո՛, հերոսներն ընկան մարտի դաշտում, որովհետև գիտեին, թե ով է թշնամին և գիտեին` ինչպես ձեռք բերել ազատություն:

Վրաստանում այսօր «խաղաղություն» է ոչ թե այն պատճառով, որ ռուսական երազանքի (նկատի ունի իշխող կուսակցությանը- խմբ.) իշխանությունը մեղսունակ է, այլ այն պատճառով, որ ուկրաինացի և վրացի հերոսները ոչ միայն հետ են պահում Ռուսաստանին Ուկրաինայում, այլև հաղթում են նրան։

Վարչապետը, հանրային վրդովմունքի և զայրույթի բորբոքումից ընդամենը երեք օր անց ցավակցեց հերոսների ընտանիքներին»,- ասել է Մելիան:

Մենք երեք անգամ պատերազմել ենք, բավական է․ Ղարիբաշվիլի