Վարչապետը հյուրընկալել է APM Terminals ընկերության գործադիր տնօրենին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է APM Terminals ընկերության գործադիր տնօրեն Կիս Սվենդսենի հետ, փոխանցում է Վրաստանի կառավարությունը:

Նշվում է, որ հանդիպմանն ուշադրություն է դարձվել Վրաստանի կառավարության և APM Terminals-ի համագործակցությանը։

Զրույցի ընթացքում շոշափվել են Վրաստանում նավահանգստային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները, որոնք կնպաստեն երկրի տրանսպորտային ներուժի ավելացմանը։

Կառավարության ղեկավարն ընդգծել է նավահանգիստների բացության և անվտանգության կարևորությունը, որի ուղղությամբ հատկապես կարևոր է APM Terminals-ի դերը։

«Հանդիպմանը մասնակցում էին Փոթիի APM Terminals-ի կառավարիչ տնօրեն Խուլիան Ֆերնանդեսը, իսկ Վրաստանի կողմից՝ փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: