Վարչապետն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Վրաստանում գտնվող ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Քրիս Քունսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ ԱՄՆ-ի պատվիրակության այցը ռազմավարական գործընկեր Վրաստան, ԱՄՆ աջակցությունը վերահաստատող քայլ է։

Ղարիբաշվիլին իր հերթին ընդգծել է Միացյալ Նահանգների դերը երկրի ժողովրդավարական կայունության, պաշտպանության ամրապնդման, տնտեսական զարգացման խթանման գործում։

Վարչապետը վերահաստատել է պատվիրակության անդամների պատրաստակամությունը սերտ համագործակցության՝ գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման նպատակով, ինչպես պաշտպանության, այնպես էլ առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում։ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը եղել և մնում է ԱՄՆ-ի ուժեղ և հուսալի գործընկերը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս։

Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ պատվիրակության անդամները վարչապետի հետ զրույցում վերահաստատել են ԱՄՆ Կոնգրեսի անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։