ՎԲԱ-ն զգուշացնում է ՌԴ-ից փոխանցված գումարների կանխիկացման անօրինականության մասին

«Վրաստանի բանկային ասոցիացիան» (ՎԲԱ) քաղաքացիներին զգուշացնում է Ռուսաստանից փոխանցված գումարների կանխիկացման անօրինականության մասին։

Ասոցիացիան Վրաստանի լիցենզավորված բանկերի անունից հայտարարել է, որ նման գործողությունը հակասում է Վրաստանի օրենսդրությանը և կարող է հիմք դառնալ կոնկրետ անձի հաշիվը փակելու և պատժամիջոցներ կիրառելու համար։

«Վերջին շրջանում ավելի շատ են դեպքերը, երբ ֆիզիկական անձինք Վրաստանում լիցենզավորված առևտրային բանկերի ծառայություններից օգտվում են որոշակի փոխհատուցման դիմաց: Անհայտ անձինք գումար են փոխանցում անձնական բանկային հաշվին և տարբեր ձևերով խնդրում են հանել ավանդադրված գումարը։ Այս տեսակի միջոցները հիմնականում փոխանցվում են Ռուսաստանի Դաշնությունից»,- նշել են ասոցիացիայից:

Ըստ ասոցիացիայի` գործունեության այս տեսակը վտանգի տակ է դնում անհատի անձնական և բանկային տվյալների գաղտնիությունը, ինչը մեծացնում է առևտրային բանկերում պահվող համապատասխան անհատի ակտիվների նկատմամբ խարդախության հավանականությունն ու ռիսկը.

«Վրաստանի բանկային ասոցիացիան կոչ է անում օգտատերերին հաշվի առնել նման անօրինական սխեմաների առկայությունը և զերծ մնալ անօրինական գործարքներին մասնակցելուց»: