Ո՞վ է վարչապետի թեկնածուն. մանրամասներ Գախարիայի գործունեությունից

Այսօր հայտնի դարձավ, որ Վրաստանի վարչապետի թեկնածուն Գիորգի Գախարիան է։ Նա վերջին շրջանի ամենաքննադատված քաղաքական գործիչն է Վրաստանում։ Հունիսի 21-ից ի վեր Վրաստանում անցկացվող բողոքի ակցիաների հիմնական պահանջներից մեկը հենց ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականն է:

Խոսվում էր այն մասին, թե նախարար, որը բազմիցս թեթևացրել է ճգնաժամային իրավիճակն իշխող «Վրացական երազանք»-ի կառավարության օգտին, այժմ անձամբ է հայտնվել ճգնաժամային իրավիճակում: Սակայն, փաստորեն, Գախարիան այս ճգնաժամն էլ հաղթահարեց:

Գախարիան «Վրացական երազանք»-ի ողնաշար

Ս.թ. մայիսի 1-ին ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Գիորգի Գախարիան դարձավ նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Չնայած այն բանին, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար կարող էր դառնալ

  • Վրաստանի պաշտպանության նախարարը
  • Վրաստանի ներքին գործերի նախարարը
  • Վրաստանի արտաքին գործերի նախարարը
  • Վրաստանի ֆինանսների նախարարը
  • Վրաստանի անվտանգության ծառայության պետը
  • Վրաստանի հետախուզության ծառայության ղեկավարը
  • Վրաստանի զինված ուժերի ղեկավարը

Ատլանտյան խորհրդի գործադիր տնօրեն Գիորգի Մուչաիձեի խոսքերով՝ «Գիորգի Գախարիային դարձրել են իշխանության ողնաշարը»: Վերլուծաբանի համար հիմնական խնդիրը ոչ թե մեկ ազգանունի հետ կապելն է ամեն բան, այլ իշխանությունը մեկ մարդու ձեռքերում կերնտրոնացնելը:

Ընդդիմությունը գտնում է, որ նման սկզբունքը սխալ է և վտանգավոր, երբ անվտանգության հարցերի համակարգող գլխավոր խորհրդի քարտուղարը նույն վարչության անդամ է և իրավապահ մարմնի առաջին դեմքը:

Կրթությունն ու գործունեությունը

44-ամյա Գիորգի Գախարիան Վրաստանի ներքին գործերի նախարար և փոխվարչապետ է նշանակվել 2017 թվականի նոյեմբերի 13-ից:

Գախարիան սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, որից հետո՝ մինչև 2000 թվականը սովորել է Մոսկվայում, Լոմոնոսովի անվան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում: Մնալով Մոսկվայում, ուսումը շարունակել է նույն համալսարանում, սակայն արդեն բիզնեսի ուղղությամբ՝ բիզնեսի կառավարման մագիստրոս է:

Ուսումն ավարտելուց հետո արդեն 2004 թվականի մայիս — 2008 թվականի նոյեմբերին աշխատել է որպես SFK Group-ի գլխավոր տնօրեն, 2008 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի փետրվարը եղել է Lufthansa Service Holding AG. LSG, Frankfurt am Main, Germany GR բիզնես զարգացման տնօրեն Արևելյան Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում:

Գիորգի Գախարիան 2006 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի մայիսը եղել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի կիրառական կենսատեխնոլոգիայի հրավիրյալ դասախոս:

2013 թվականի մարտից մինչև 2016-ի հուլիս եղել է Վրաստանի բիզնես Օմբուդսմանը: 2014 -2016 թթ. եղել է տնտեսական խորհրդի քարտուղար, իսկ 2016 թվականից՝ մինչև ՆԳ նախարար դառնալը, եղել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար:

Մոսկվայում ստացած կրթությունը և Ռուսաստանում անցկացրած այդ տարիներն են, որ թույլ են տալիս խոսել Գախարիայի ռուսական կապերի մասին:

2005-2016 թվականներին Գախարիան 6 ռուսական ընկերության բաժնետեր է եղել, որն էլ հետագայում վաճառել է (կամ անվանափոխել): Գրում է վրացական iFact հետաքննական լրագրության գործակալությունը: Ըստ նույն աղբյուրի, դեռևս 2018 թվականին Գախարիան եղել է «Ֆուդ օտել» ռուսական ընկերության 40 տոկոսի բաժնետեր, որից ընդամենը 3 ամիս առաջ է հրաժարվել:

«Զաուրիչ», — այսպես են անվանում Գախարիային՝ ասելով, որ այս մարդուն «մենք մեր գրպանից ամսական 5,054 լարի աշխատավարձ ենք տալիս և ի՞նչ է անում նա մեզ համար»: Հենց Գախարիան է մեղադրվում երկրում ընթացող շատ բացասական երեւույթների մեջ, սկսած դեռևս Պանկիսիի կիրճում ՀԷԿ-ի կառուցման շուրջ ծավալված խնդիրներից, Մաչալիկաշվիլիի և Սարալիձեի սպանություններից:

«Սուպերնախարարը», որը միաժամանակ և՛ Վրաստանի փոխվարչապետն է, և՛ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, այժմ նաև վարչապետի թեկնածու է:

Փաստորեն, ցուցարարների այն պահանջին ի պատասխան, թե՝ «Անխուսափելի է. Գիորգի Գախարիան պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի ցուցարարների՝ նման կերպ ցրելու համար», Գախարիան այժմ ավելի բարձր պաշտոնում առաջադրվեց:

Ի՞նչ տեղի ունեցավ հայտնի գիշերը

Փողոց դուրս եկած ցուցարարներին հունիսի 20-ի ՝ լույս 21-ի գիշերը, իրավապահները ցրեցին՝ բիրտ ուժ կիրառելով։ Փորձագիտական խմբերը նշում են․

  • Իրավապահները չեն զգուշացրել ցուցարարներին, որ պատրաստվում են ցրել հանրահավաքը հատուկ գործողության եւ միջոցներով
  • Օգտագործվել են ռետինե փամփուշտներ, որոնք նաև մահվան պատճառ կարող են դառնալ
  • Ցուցահարներին կրակել են թիրախավորված` շատերը վնասվածք են ստացել հենց գլխի շրջանում
  • Ցրելուց հետո փախուստի դիմած ցուցարարներին իրավապահները փողոց առ փողոց հետապնդել են
  • 240 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում` 80 իրավապահ
  • Երկու մարդ դեռեւս գտնվում է ծանր վիճակում
  • Երկու մարդ աչք կորցրեց, այդ թվում 18-ամյա Մակո Գոմուրին
  • Վիրավորվեց առնվազն 34 լրագրող

Նշենք նաև` նախորդ տարի «Բասիանի» և «Գալերի» գիշերային ակումբներում ոստիկանությունը հատուկ գործողություն էր իրականացրել՝ ձերբակալելով թմրանյութ վաճառող մի քանի անձի: Սրա հետ կապված, խորհրդարանի շենքի դիմաց տեղադրվել էր նաև Գիորգի Գախարիայի գիպսե կիսանդրին, որի վրա տեղադրված կոճակը սեղմելիս նախարարը ներողություն է խնդրում: Այդ կիսանդրին այժմ ևս խորհրդարանի մոտ են բերել: